Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ամերիկյան խորհրդատվական կոմիտեի անդամներին, հիմնադրամի վարչության նախկին անդամներին, նվիրատուներին և հյուրերին՝ գլխավորությամբ հոգաբարձուների խորհրդի անդամ տեր և տիկին Մայքլ և Մարի Հարաթունյանի, Ամերիկայի Երիցական եկեղեցու համաշխարհային առաքելության տնօրեն Վերապատվելի Խոսե Լուիս Քասալի և «Ջինիշյան» հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն տիկին Էլիզա Մինասյանի:
Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։

Խումբը ուխտավորաբար Հայաստան էր ժամանել «Ջինիշյան» հիմնադրամի 50-ամյակի առիթով:

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ «Ջինիշյան» հիմնադրամը, հաստատվելով Հայաստանում անկախությունից հետո, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել` մեծ աջակցություն բերելով երկրին և ազգին հատկապես դժվարին տարիներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն գնահատանքով արձանագրեց, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի և հիմնադրամի միջև առկա է սերտ համագործակցություն, որի շրջանակներում «Ջինիշյան» հիմնադրամն իր կարևոր ներդրումն է բերում Մայր Աթոռի մի շարք ծրագրերին, այդ թվում նաև՝ թեմերում ու հոգևոր կառույցներում իրականացվող կրթական, սոցիալական ու համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրերին:

Հանդիպմանը Գարեգին Բ Կաթողիկոսը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերություններին ու Հայ Եկեղեցու ընդարձակ գործունեությանը:

Վերջում Վեհափառ Հայարապետը հյուրերին մաղթեց Աստծո օրնությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը իրենց հանրօգուտ գործունեության մեջ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի խորհրդատվական կոմիտեի ատենապետ Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Հյուրերն այցելեցին նաև Մայր Աթոռի թանգարանները և մասնակցեցին նաև Պատարագի Սրբազան արարողությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում