Աստվածային Վաղինակը

Աստվածային Վաղինակը

Վաղինակը, որին բոլորը կարճ Վաղո էին ասում, համարձակ ու քաջ մարդ էր։ Բացի քաջ լինելուց, նա նաև սկզբունքային էր ու համառ։ Եթե կպնում էր մի գործի, ապա այդ գործի մեջ ներդնում էր իր ողջ համոզմունքները, ջանքն ու եռանդը։ Պատրաստ էր կորցնել կյանքի լավագույն տարիները, սակայն կուրորեն կձգտեր իր նպատակին, որը համարում էր Աստծո կողմից ընծայված առաքելություն այս ժամանակավոր երկրային կյանքում:

Եվ քանի որ ցանկացած մարդ իր կյանքը իմաստավորելու համար իր առջև որևէ վեհ նպատակ է դնում, ապա Վաղոն նույնպես սահմանեց իր կյանքի նպատակն ու հպարտորեն քայլեց դեպի Օլիմպոսի փառքի գագաթ։ Իհարկե կան մարդիկ, որոնց սկզբունքը անսկզբունքայնությունն է, իսկ նպատակը` աննպատակ գոյատևելը, բայց Վաղոն այդպիսին չէր։ Նա գործի մարդ էր։

Վաղոն իրեն հռչակեց ալկոհոլի դեմ պայքարի աննկուն մարտիկ։ Նա վստահ էր, որ ալկոհոլը մարդկու կողմից ստեղծված մեծագույն չարիք է ու մարդու կողմից էլ պետք է ոչնչացվի։ Եվ քանի որ ցանկացած պայքար պահանջում է իր Չե Գեվարան կամ Օլիվեր Կրոմվելը, Ռոբեսպիերը կամ Վլադիմիր Իլյիչը, ապա Վաղոն` որպես հեղափոխության մեծ առաջնորդ, բարձրացրեց պայքարի դրոշը։

Նա ոչնչացնում էր իր ճանապարհին հանդիպած ցանկացած խմիչք։ Ոչնչացնում էր առանձնակի դաժանությամբ ու անգթորեն։ Բայց քանի որ Վաղոն մեծ մարդասեր էր, հետևաբար չէր կարող չգնահատել մարդու աշխատանքն ու խմիչքը վերացնել գետնին զարկելով ու ջուրը գցելով այն արարողի քրտինքը։ Բացի այդ, դա նրան մի տեսակ վախկոտություն էր թվում, հակառակորդին թիկունքից հարվածելուն պես մի բան։

Եթե կռվում ես, կարծում էր Վաղոն, ապա պետք է կռվես որպես իսկական տղամարդ` պատրաստ լինելով քո վրա վերցնել ցանկացած հարված։ Նման ազնվագույն նկատառումներն էին պատճառը, որ Վաղոն սկսեց ոչնչացնել սպիրտը ուղիղ իր ստամոքսում։ Հիրավի քաջին արժանի արարք։

Ամեն անգամ մտնելով խանութ, որոշում էր արհամարհել իր հակառակորդին ու նույնիսկ նվազագույն ուշադրության չարժանացնել նրան։ Այո, արհամարհանքը հզոր զենք է ու թշնամուն պետք է հաղթել ոչ միայն ջարդելով, այլև արհամարելով։ Բայց իրար արժանի հակառակորդները երբեք իրարից չեն հեռանում ու միմյանց ատելով հանդերձ, միշտ ակամա ձգտում են մեկը մյուսին։

Շարված շշերն այնքան լկտի հայացքով էին նայում Վաղոյին, որ նա զայրույթից ու վիրավորանքից ցնցվում էր ողջ մարմնով։ Այդ լպիրշ հայացքները նա ընդունում էր որպես մարտահրավեր, որպես կասկած իր քաջությանը, որպես վիրավորանք նետված իր ինքնասիրությանն ու արժանապատվությանը։ Այլևս անկարող լինելով հանդուրժել այդ բացահայտ ապտակը` նա փորձում էր հնարավորինս շատ վերցնել այդ հանգուգն լակոտներից ու շտապել տուն, մտքում կրկնելով` թող ոչ մի զոհ չպահանջվի ինձանից բացի։ Որպես պայքարի մեծ մարտիկ`նա միշտ կրկնում էր չարենցյան այդ տողերը, քանի որ ականջի պոչով լսել էր, որ Չարենցը նույնպես մեծ պայքարող է եղել։

Վայ էն շշին, ում ճակատագիրն էր հայտնվել Վաղոյի սեղանին։ Այդ դժբախտին անխուսափելի մահ էր սպասում։ Հակառակորդի քանակային գերազանցությունը չէր կարող վախեցնել Վաղոյին։ Նա վստահ էր իր գործի արդարացիությանը, իսկ անարդարացի կլիներ եթե պարտվեր արդարը։

Հա, հարբեցող չէր ու երբեք չէր խմում հանուն խմելու։ Նպատակը չարիքն արմատախիլ անելն էր: Բայց քանի որ վախկոություն էր համարում հակառակորդին այլ կերպ հաղթելը, ստիպված խմում էր։ Այո, Վաղոն մեծ նահատակ էր, մեծ ու ազնիվ։

Վաղոն երբեք հարձակման չէր անցնում հանկարծակի ու հապճեպ։ Նա նախքան հակառակորդին ոչնչացնելը, նրան հնարավորություն էր տալիս լքել ռազմի դաշտը, բայց հակառակորդն, ամենայն հավանականության, Վաղոյի նկատմամբ վախից մնում էր գամված իր տեղում ու նախկին լկտի հայացքին փոխարինման էր գալիս աչքերի ինչ-որ բութ արտահայտություն, մանավանդ, երբ բացվում էր խցանը, ինչն էլ գուժում էր մոտալուտ ու անխուսափելի մահվան մասին։

Միայն մի թերություն ուներ Վաղոն։ Զուրկ էր ներողամտությունից, խղճմտանքից ու գթությունից։ Այդ ամենին գումարած անասելի դաժան էր իր հակառակորդի նկատմամբ։ Երբեք չէր սպանում միանգամից, գերադասում էի հակառակորդին ոչնչացնել կաթիլ առ կաթիլ, կում առ կում, բաժակ առ բաժակ։ Հակառակորդը նախքան լիակատար ոչնչացումը պետք է զգար իր կենսական ուժերի աստիճանաբար մարումը, պետք է զգար իր կատարյալ նվաստացած վիճակը, մինչ լիակատար ավարտ։

Այո, դաժանությունը երբեմն հատուկ է մեծ առաջնորդներին ու հաղթելուց հետո Վաղոն նայում էր դատարկ շշերին այնպես, ինչպես Սիմոն Բոլիվարը կնայեր իր սպանված հակառակորդին։

Յուրաքանչյուր բաժակ Վաղոյին ավելի էր մոտեցնում Օլիմպոսի փառքի գագաթին։ Աստիճանաբար նրան նշմարվում էին աստվածային Կեսարը, աստվածային Օկտավիանոսը ու միայն վերջին բաժակն էր նրա ճակատը պարուրում դափնու փառապսակով ու հռչակում աստվածային։

Սակայն քանի որ ամեն դեպքում Վաղոն մարդ էր, այլ ոչ կիասաստված, ապա միշտ մի բաժակ պակասում էր անցնելու Օլիմպոսի փառքի գագաթից ու սահմանել մի նոր բարձրություն։ Ցանկացած նման փորձ ավարտվում էր խոր ու գրեթե լեթարգիական քնով։

Ժամանակի ընթացքում դաժան ու անզիջում պայքարը աստիճանաբար հյուծեց Վաղոյին ու հանգեցրեց սեփական կենսական ուժերի սպառմանը։ Հերթական ճակատամարտի ժամանակ Վաղոյին հաջողվեց հաղթահարել մինչ այդ անհասանելի բաժակն ու սահմանել իր փափագած բարձրությունը, բայց, ցավոք, երկրում այդ մասին ոչ մեկն այդպես էլ չիմացավ, քանի որ հասնելով այդ բարձրունքին, Վաղոն այդպես էլ ետ չիջավ։

Այո, մեծ նահատակ էր աստվածային Վաղոն, իր գործի հավատացյալն ու աննկուն մարտիկը։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում