USD
EUR
RUB

Որդուս

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:

Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,

Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված…
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:

Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:

Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
Պե՞տք է` իրենց մատն են տնկում… Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ շուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…

Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»…
Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր…
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…
Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):
Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա…

Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…

Պարույր ՍԵՎԱԿ

Լրահոս
Տխուր հեռու Այնտեղ, ուր հատվում են զուգահեռները Մի դատեք, որ Աստծուց չդատվեք Հայ տենորը դարձել է Տեներիֆեում մեր յուրատեսակ դեսպանը Սպենդիարյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ կարող են «վիրտուալ» նվագախումբ ղեկավարել Աղտոտ մեղքից բազում ախտեր Դու ես միակը Պույ-պույ մկնիկը Արմեն Ամիրյան․ «կինոյի մահանալու մասին լուրերը խիստ չափազանցված են» Կռնատ աղջիկը Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի» Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում դիմացինի ցավին վշտակից և հաջողություններին ուրախակից մանկատան սաներ Երաժշտական դպրոցների վարձերը հնարավոր է թանկանան Ազգային կինոկենտրոնի գեղխորհրդի անդամներին ստիպում են «ստորացուցիչ պարտավորագիր» ստորագրել. մեկնաբանում է Արսեն Բաղդասարյանը Նախ Բարձրյալի, հետո ձեր ներողամտությունն եմ հայցում Մայր Աթոռում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը Բնապահպանություն Ձյուն-ձյուն Յուրաքանչյուր վախից կարելի է ազատվել Նրա միջոցով «Զվարթնոց» վոկալ քառյակը տուրիզմ է զարգացնում Գեներալը, ներքինին և «Ազգ փրկելը» Քեզ ունեմ իրականում Քեզ ունեմ իրականում Իմ սիրտ հարատև Երևանի գիշերներում Ծիտն ու որբերը Հայ նկարիչները հանուն բանակի «կհասնեն» Նյու Յորք Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսին Ներիր Տիգրան Համասյանն ու «Հավատամքը» համատեղ համերգ կունենան Ովքեր են Աստծո որդիները. Աստվածաշունչը մեկնում է Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում Վանաձորի կերպարվեստի թանգարան. Վայր, որտեղ բոլորը խոնարհվում են «Մանկական վշտի» առջև Եվ բերեմ սերմեր Վերջին արարը Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը Հողի չորս որդիները Հայաստանցի մեներգիչը հավակնում է դառնալ «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում»-ը Հացին երգը
website by Sargssyan