Ժամանակակից հայ գրականությունը պետք է հասու լինի նաև օտարազգի ընթերցողին. Սփյուռքի նախարար

Ժամանակակից հայ գրականությունը պետք է հասու լինի նաև օտարազգի ընթերցողին. Սփյուռքի նախարար

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողներին՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է  Panorama.am-ը։

Միլիտոնյանը Սփյուռքի նախարարին ներկայացրել է հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում կայացած համաժողովի արդյունքները՝ նշելով, որ անդրադարձ է կատարվել հայ գրականության արդի խնդիրներին:

Սփյուռքի նախարարը նշել է, որ հայկական մամուլն ակտիվորեն լուսաբանել է համաժողովի աշխատանքները, ինչն էլ հայ հասարակությանը հնարավորություն է ընձեռել ծանոթանալ սփյուռքահայ գրողներին և նրանց ստեղծագործությանը:

Նախարարը կարևորել է նաև օտար լեզվով հայ գրականությունն ու միտքը աշխարհին ներկայացնելու հանգամանքը:

«Ժամանակակից հայ գրականությունը մեծ հարստություն է ստեղծել, որին պիտի հասու լինի ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողը: Այս իմաստով շատ կարևոր է մեր օտարագիր գրողների դերը: Սփյուռքահայ գրողներից շատերը մասնակցեցին նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, և այս երկու համաժողովները լավագույն հնարավորություն էին ինչպես գրող-ընթերցող, այնպես էլ հայաստանցի և սփյուռքահայ գրողների միջև նոր կապերի ստեղծման համար», – նշել է Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ հայ գրողներն են մտավորականության զարդը, քանի որ նրանք ոչ միայն ստեղծում են նոր գործեր, այլև մայրենի լեզվի կրողներն ու պահապաններն են օտար երկրներում:

Բարձր գնահատելով ամիրիկահայ գրող, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնի՝ Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեությունը և ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը բերած ավանդը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրել է նրան Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ Սարգիս Վահագնը նշել է, որ հպարտանում է Սփյուռքի նախարարության գործունեությամբ:

Վրաստանում հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, վրաց խորհրդարանի նախկին պատգամավոր Ժորա Սնխչյանն էլ ընդգծել է, որ Սփյուռքի նախարարության հետ ակտիվ համագործակցության արդյունքում միությունը կարողանում է արագ լուծել իր խնդիրները:

Իրանահայ գրող Վարանդն իր ստեղծագործությունների վերջին ժողովածուն նվիրելով Սփյուռքի նախարարին՝ նկատել է, որ համաժողովի ձևաչափով հանդիպումները գրողներին լավագույն հնարավորություն են ընձեռում միասին աշխատելու, համատեղ գրական-մշակութային ծրագրեր մշակելու և իրագործելու:

Ռումինահայ գրող Մադլեն Գարագաշյանն էլ շեշտել է, որ «Արի տուն»-ը լավագույն հայադարձության ծրագիրն է, և այս տարի իրենց համայնքից ծրագրին մասնակցած երկու աղջնակ վերադարձել են Ռումինիա ու ակտիվորեն ներգրավվել համայնքում իրականացվող հայապահպանական ծրագրերին, հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնություններով:

Լիբանանահայ գրող, հրապարակախոս Խաչիկ Դեդեյանն իր հերթին շնորհավորել է Սփյուռքի նախարարին՝ վերջերս տպագրած «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» հանրագիտարանային նշանակություն ունեցող աշխատության համար:

Ամերիկահայ Ֆիրա Ակյանը նշել է, որ նախարարությունում ստացավ այն ջերմությունը, որն անհրաժեշտ է գրողին լավագույն զգացումներով լիցքավորվելու համար:

Քննարկվել են նաև առաջիկայում իրանահայ, վիրահայ, պոլսահայ գրողների օրերը Հայաստանում անցկացնելուն, ինչպես նաև երիտասարդ գրողների ընդլայնված խորհրդակցության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարը գրողներին նվիրեց «Գրական Սփյուռք 2016» տարեգիրքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում