Ցուլի հիշատակին

Ցուլի հիշատակին

Տագնապ լեռների և թախծոտ մտքեր
Խուժել են սիրտը խոհուն մայրերի,
Նրանց որդիները Մատաղիսի մոտ,
Հիմա կռվում են արյան սուրբ կանչով:

Որքան որ լացի մոր սիրտը սպասող
Իմ սերն օրհնյալ է աստված պահապան
Առյուծ եմ ծնել փառքով կռվելու
ԵՎ հաղթանակած վերադառնալու:

Փոշոտ ամպերը արծվի թև առած,
Գոռում ավետում, մոր սիրտը սառած
Դղրդաց սարը թափվեց արյունը
Պայթունից զոհվեց առնական Ցուլը:

Հերոսի երկիր, չքնաղ Հայաստան
Փառքով ծնել ես հզոր Ցուլ Արման։
Փառք մեր քաջերն, հայ մարտիկներին
Ոսոխին հաղթած առնական Ցուլին:

Երաժշտություն` Դավիթ Ամալյանի
խոսք` Սուսաննա Ենգիբարյանի 

Արման Զոհրաբյան (Ցուլ)-Ծնվել է 1974 թվի սեպտեմբերի 16-ին Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի 125 միջնկարգ դպրոցը: Դպրոցում սովորելու տարիներին եղել է օրինակելի աշակերտ և ակտիվորեն մասնակցել է դպրոցի սպորտային կյանքին:

Պարապել է ազատ ոճի ըմբշամարտ և բազմիցս մասնակցել է ՀՀ ըմբշամարտի մրցումներին` գրավելով մրցանակային տեղեր: 15 տարեկանից մասնակցել է ազգային զարթոնքին: Եղել է Հայոց հեղափոխական շարժմանը կից գործող Մարմնակրթական երիտասարդական միության հիմնադիր անդամ (ՄԵՄ): Մասնակցել է ռազմաուսումնական արշավների Արթիկում, Ջերմուկում, Ստեփանավանում, Վայքում, Արզնիում և այլուր: Արզնիի օդանավակայանում պատանի դեսանտայինների ակումբի հետ կատարել է բազմաթիվ պարաշյուտային թռիչքներ: Աֆղանստանում ծառայող տղաների հետ ՄԵՄ-ի կառույցներում ուսանել է բազմամարտ:

Դպրոցում ռեժիսորական կուրսերում ուսանելու տարիներին անդամագրվել է «Ազգային լեգեոն» ջոկատին: «Ասպետ», «Մուշ», «Ազգային լեգեոն» ջոկատների հետ մասնակցել է մարտական գործողությունների ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար:

Նա նաև գաղափարի մարտիկ էր: Քանի որ մարմնեղ էր ու լայնաթիկունք, «Ցուլ» մականունով կնքվեց:

Ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության «Արծիվ 4» զորաբաժնում, 75128 և 74361 զորամասերում, եղել է Ղարաբաղում: 1992 թվականի փետրվարից մինչև 1994 թվի ապրիլի 11-ը մասնակցել է Ղարաբաղյան ռազմաճակատում մղված հաղթական մարտական գործողություններին: 1994 թվի հունվարի 6-ից մինչև ապրիլի 11-ը Պաշտպանության նախարարության բրիգադի Մասիսի գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի կատաղի մարտերին: Մասնակցել է նաև Հակոբ-Կամարի, Մատաղիս, Տոնաշեն, Մաղավուզ, Դաստագիր, Թալիշ գյուղերի ազատագրմանը:

Արման Զոհրաբյանը զոհվել է 1994 թվի ապրիլի 11-ին Մատաղիս և Թալիշ գյուղերի ազատագրման մարտերում` Այգեսարի վրա:

Արմանի զոհվելուց հետո նրա ընկերները` «Ազգային լեգեոն»-ի տղաները, կազմակերպել են բազմաթիվ համերգներ, որտեղ հնչել են երգեր, որոնց բառերը գրել է Արմանի մայրը` տիկին Սուսաննան, երաժշտությունը` Դավիթ Ամալյանը: Երգերից մեկը կոչվել է «Ճախրիր, իմ արծիվ», իսկ մյուսը` «Ցուլի երգը»: Նրան էր նվիրված 1998 թվի ապրիլի 11-ին ՀՀ հանրային հեռուստատեսության «Զինուժ» հաղորդաշարը, որտեղ նրա ընկերները պատմում էին Արմանի բարության, ազնվության, քաջության, հայրենասիրության, օգնելու կարողության մասին: Կան նաև տեսաժապավեններ` մարտի դաշտից բերված` Արմանի և իր ընկերների մասին պատմող: Արմանի մայրը նրան է նվիրել բանաստեղծությունների մի շարք` «Խոսք իմ որդուն» խորագրով:

Արման Զոհրաբյանի աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում:

Արմանի գիտակցական կարճ, բայց բովանդակալից կյանքը մեծ օրինակ է մատաղ սերնդի ազգային դաստիարակության համար, քանի որ նա մարմնավորում է հայ երիտասարդ զինվորի իսկական կերպար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում