Համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ՝ մեկ համերգի շրջանակում

Համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ՝ մեկ համերգի շրջանակում

Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 14-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու ջութակահարներ Պավել Վերնիկովը (Իսրայել), Սվետլանա Մակարովան (Ռուսաստան), տենոր Տիգրան Պետրոսյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: 

Նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ մեկ համերգի շրջանակում կայանալու են համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ: Մասնավորապես, երեկոյի ընթացքում կայանալու է Դեն Եսսիանի «Հայկական եռապատում» («Ազատություն», «Երկյուղ», «Հավատք») ստեղծագործության համաշխարհային պրեմիերան և «Ես տեսնում եմ թևեր» տենորի և նվագախմբի համար (նվագախմբային փոխադրումը Դեն Եսսիանի և Վիլյամ Վանդելի, խոսք՝ Դեվիդ Բարեթի) հայաստանյան պրեմիերան, ինչպես նաև Գիա Կանչելիի Ex Contrario երկու ջութակի համար հայաստանյան պրեմիերան: Համերգին հնչելու է նաև Անդրեյ Պուշկարյովի «Ուտյոսով –ֆանտազիա» 2 ջութակի և նվագախմբի համար՝ ըստ Լեոնիդ Ուտյոսովի կատարած հանրահայտ երգերի ստղծագործությունը:

Հիշեցնենք, որ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին: Այն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 17-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում