Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի ծրագրում ներառված է 83 ֆիլմ

Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի ծրագրում ներառված է 83 ֆիլմ

Այս տարի «Արևորդին» փոխել է ձևաչափը՝ կինոդահլիճից ընդարձակվելով դեպի շուրջ երկու տասնյակ տարբեր վայրեր: Նպատակն ավելի մեծ թվով մարդկանց ու բազմազան թիրախային խմբերի հասանելի դառնալն է: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Փառատոնի հատկանիշներից, թերևս, ամենակարևորն է բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնումը: Խնդիրներ, որոնք վաղուց դադարել են լինել «գլոբալ» և յուրաքանչյուրիս անձնականն են դարձել: Մարդը, հատկապես մեր հասարակության մեջ, սովորություն ունի աչք փակել այն ամենի վրա, ինչ իրեն այստեղ ու այս պահին չի վնասում:

Ցավոք, շատերը չեն գիտակցում, որ բոլոր բնական աղետները, որոնց մասին ամեն օր լուրերով լսում ենք, իրենց միկրոգործողությունների ուղղակի հավաքական հետևանք են:

Փառատոնը գործիք է՝ սրտին դիպչող կինոլեզվով, արվեստի էմոցիոնալ պրիզմայով հասանելի դարձնել մարդկանց այդ խնդիրները, ստիպել մտածել ու գործել»,- ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Այս տարի փառատոնը ստացել է բնապահպանական ֆիլմերի ռեկորդային՝ 1214 հայտ, որոնցից հանձնաժողովն ընտրել է 83-ը: Կլիմայի փոփոխությունից ու գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներից մինչև պլաստիկե հեղափոխություն. հայտնի ու անհավանական բնապահպանական խնդիրներ, որոնց ուղերձն, ըստ էության, մեկն է. ուշքի բերել մարդկանց, փոխել անպատասխանատու, անփույթ կենսակերպը, որի հետևանքը կործանարար է: Աշխատարաններն էլ են ուղղված այդ կենսակերպի գործնական փոփոխությանը: Շատ ենք կարևորում պատանիների ու երիտասարդների մասնակցությունը, իրենց համար հատուկ ծրագիր ենք մշակել: Վստահ ենք՝ նրանք են ավելի լավ վաղվա գրավականը, նրանց իրազեկվածությունը, ճկունությունն ու համարձակությունը», – նշել է փառատոնի տնօրեն, FPWC հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը:

«Գաղտնիք չէ, որ բնության պահպանությունը և շրջակա միջավայրի հետ գրագետ և քաղաքակիրթ շփվելը վաղուց դուրս է եկել միայն պետական լիազորությունների շրջանակից։ Համամարդկային և տեղական խնդիրների ծավալն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի իր դերակատարումը և՛ խնդիրների ավելացման, և՛ խնդիրների կանխարգելման հարցում։ Այս առումով շատ կարևոր է, որ նախարարությունը մշակում է, և մինչև տարեվերջ կունենանք էկոկրթության ռազմավարություն։ Իսկ նման փառատոներն ու միջոցառումները հնարավորություն են ստեղծում լուծում տալ խնդիրներին ոչ ֆորմալ գործիքների միջոցով», – ասել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

«Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մշակութային հնագույն օրրան և կենսաբազմազանության կիզակետ: Շատ կարևոր է այն աշխատանքը, որ FPWC-ին է անում Հայաստանում։ Էկոգյուղերի համաշխարհային ցանցը տասնյակ հազարավոր համայնքների հետ է աշխատում աշխարհի բոլոր մայրցամաքներում և աշխարհի այս հատվածում մեր աշխատանքը նոր է սկսվում։ Այս կարճ ժամանակահատվածում ինչ այստեղ եմ եղել, տպավորություն է, որ Հայաստանը մի երկիր է, որը տարածաշրջանում կարող է առաջատարը լինել էկոգյուղերի ռազմավարության զարգացմամբ՝ համայքներին ներգրավելով բնության և մշակութային արժեքների պահպանման գործում», – ասել է Էկոգյուղերի համաշխարհային ցանցի տնօրեն Կոշա Ջուբերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում