Աղքատ և ավետարան

Աղքատ և ավետարան

Մի գյուղացի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և նաձրևակեղ: Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից:

Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ Ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի` ընդունեցիք ինձ, մերկ էի` հագցրիք ինձ, քաղցած էի կերակրեցիք ինձ, ծարավ էի` հագեցրիք ինձ:

Այն աղքատը լսեց և ուրախացավ.

Այս ինձ համար է ասված և ահա շուտով կկատարեն իմ կամքը:

Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Եվ աղքատն ասաց. Այն գիրն, որ կարդաց նա, սուտ էր: Եվ առավ Ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ:

Եվ քահանան եկեղեցի գալով Ավետարանը չգտավ: Աղքատին ասաց. Ո՞ւր է Ավետարանը:

Եվ աղքատն ասաց քահանային.

Ի՞նչ ես անում, սուտ Ավետարանը ես տարա ջուրը գցեցի: Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց.

Ինչո՞ւ էս ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե Ավետարանը Աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչու չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ և ինձ չեք ընդունում, մերկ եմ և ինձ չեք հագցնում, քաղցած եմ չեք կերակրում ինձ, ծարավ եմ, ջուր չեք տալիս: Միթե Աստված այդ բաների պակասությունն ուներ և ամենն իրեն համար ասաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում