Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են. Հովհաննես Գալստյան

Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են. Հովհաննես Գալստյան

«Սոսե » միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք կինոգործիչներ վարպետության դասեր են անցկացնում երիտասարդների համար: Այս անգամ կինոինդուստրիայի երիտասարդ ներկայացուցիչներին այցելել էր ռեժիսոր,պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը: Նա «Սոսե 2017»-ի ժյուրիի կազմում է:

Aysor.am-ի թղթակիցը ռեժիսորի հետ խոսել է կինոարվեստի, ժամանակակից տենդենցների և զարգացման միտումների մասին :

Ժամանակակից կինոտենդենցների մասին

Եթե շատ ընդհանրացման գնանք, ժամանակակից կինոարվեստը կարելի է բնորոշել երկու հիմնական հատկանիշներով. Առաջին՝ կինոն չափազանց կոմերցիալիզացված է դարձել. Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են, արված են հաշվարկների հիման վրա:

Ազատ կինոն, ցավոք, պակասել է ու չի հասնում հանդիսատեսին: Երկրորդ՝ նոր տեխնոլոգիաների մուտքով կինոն դարձավ շատ ավելի թվային, արհեստական: Փոխվեց ու շարունակում է փոխվել կինոյի լեզուն: Ավանդական պատկերներն արդեն անցյալում են. կադրերը, որոնք առաջ ստացվում էին նկարահանման հրապարակում, շատ մեծ փոփոխությունների են ենթարկվում: Նկարահանումները, որ ամենակարևոր բանն էին դեռ մի երկու տասնամյակ առաջ, հիմա կարծես անվիճելի առաջնահերթությունը սկսում են կիսել հետարտադրության՝ նկարահանվածը մշակելու փուլի հետ: Թվային հետարտադրության արդյունքում մենք ստանում ենք պատկերներ, որոնք իրականությունից դուրս են: Հետևապես կինոն սկսում է ներկայացնել ալտերնատիվ իրականություն: Ես այստեղ մեծ ողբերգություն չեմ տեսնում, ի վերջո, կինոյում մենք խոսում ենք մարդու և մարդկանց փոխհարաբերությունների մասին: Բայց եթե 60-ականներին, «Նոր ալիքի» գալով, տեսախցիկը դուրս եկավ դեկորացիաներից, տաղավարներից ու սկսեց ցույց տալ աշխարհը, Փարիզի փողոցները ինչպես դրանք կային, ապա հիմա արհեստական միջամտությունն անխուսափելի է:
Մեկ բառով ասած՝ ներկայիս կինեմատոգրաֆը կանվանեի «ցիֆռավոյ» (ժպտում է, հեղ.):

Կինոյի պատմության լավագույն շրջափուլերի մասին

Շատ լավն էր 20-ականների վերջի կինոն՝ թե՛ եվրոպականը, թե՛ հոլիվուդյանը:
Համր շրջանի ֆիլմը հասել էր կատարելության՝պատկերի,պատմության ներկայացման իմաստով: Ցուցադրվում էին վերջին գոհարները:

Հաջորդիվ լավ կինոն եկավ 60-ականներին: Այս շրջանում այն հստակ կայացավ որպես ինքնուրույն արվեստ: Միջին թվաբանական կտրվածքով՝ 60-ականներին արտադրվող ֆիլմերը ավելի լավն էին, քան՝ ներկայիս ֆիլմերը:

Պատճա՞ռը: Թվային տեխնոլոգիաների ներխուժումը, ինֆորմացիայի անվերահսկելի հոսքը և, իհարկե, կոմերցիան:
Մարդու ուղեղը այնքնան շատ է լցվում տեղեկություններով, որ արվեստին ժամանակ և տեղ չի մնում: Եթե մնում էլ է, մարդիկ նախընտրում են քնել: Բայց ես ունեմ անձնական թեորիա ևս.
Հասկանու՞մ եք՝ մարդկանց թիվը շատացել է. Մեկ գոյություն ունեցող պերսոնի գինը պակասել է, մեկ անհատի, մեկ հեղինակի գինը պակասել է:

Խորհրդային Հայաստանի կինոշուկայի մասին

Մենք էլ կինոյում ինչ ունեցել, ունեցել ենք 60-ականներին՝ չհաշված «Պեպոն», «Նամուսը», որոնք էլի համաշխարհային հզորության ֆիլմեր էին, կարող էին մի շարքում դրվել այդ շրջանի եվրոպական ֆիլմերի հետ:

60-ական թվերին մենք թե՛ Փելեշյանով, թե՛ Փարաջանովով, թե՛ Մալյանով ու Դովլաթյանով հասել ենք նրան, որ մեր կինոն միանգամայն միջազգային դարձավ՝ դրսի հանդիսատեսին ընկալելի: Այն արտադրանքը, որը Հայաստանը տալիս է հիմա, բացառիկ դեպքերում կարող է դրվել միջազգային հանրության առաջ:

Մեր կինոն Խորհրդային Միության կինեմատոգրաֆից դուրս չէր, որովհետև նույն արտադրական մոդելն էր գործում, իսկ անկախության ձեռքբերումից հետո չկա այն կինոն, որը միջազգային հանդիսատեսին ընկալելի կլինի: Հիմնականում դրանք լոկալ ֆիլմեր են, որոնք հասկանալի են հայաստանյան հանդիսատեսին:

Մեր պրոդյուսերները, ռեժիսորները, դրամատուրգները գրագետ չեն, չեն տիրապետում ժամանակակից կինոարտադրության կանոններին՝ ոչ կինոլեզվի՝ պատումի կերտման, մոնտաժի, լույսի, ձայնի առումով, ոչ արտադրական սխեմաների, ֆոնդերի, համաարտադրողների հետ աշխատելու առումով: Մենք դուրս ենք մնացել համաշխարհային կինոպրոցեսներից:

Կինեմատոգրաֆը նույն երաժշտությունն է: Չեք կարող, չէ՞, երգ ստեղծել՝ նոտաներին չտիրապետելով: Եթե ձեզ հայտնի չեն հարմոնիայի կանոնները, սիմֆոնիա չեք գրի: Նույնն էլ կինոարվեստն է. մարդկանց թվում է, թե կհաջողեն ֆիլմ ստեղծել՝առանց գործիքներին տիրապետելու: Ինչո՞ւ նույնը չեն մտածում երաժշտության պարագայում: Ինչո՞վ է կինոն ավելի ցածր արվեստ:

Նույն Փելեշյանը,Մալյանն ու մյուս կինոգործիչները չե՞ն սխալվել՝ կինոդպրոցների ստեղծմանը հետամուտ չլինելու, իրենց փորձով սերունդներին չկրթելու հարցում։

Գուցե, բայց պետք է հաշվի առնել, որ նրանք ապրել են ԽՍՀՄ-ում, որտեղ հնարավոր չէր հեղինակային դպրոց ստեղծել: Հենրիկ Մալյանը ստեղծեց իր թատրոնը և դրա վրա դրեց ողջ կյանքը: Միայն մեծ խոչընդոտների հաղթահարմամբ նրան դա հաջողվեց:

Խորհրդային մոդելը ենթադրում էր կոլեկտիվային կուլտ, անհատը այդ մոդելում չէր կարող որոշիչ լինել: Ցավոք, մենք այսօր էլ վայելում ենք այդ մտայնության դառը պտուղները: Հիմա մեզ հեշտ է: Տեսեք, մենք բացել ենք դպրոց և այնտեղ քարոզում, մեր հեղինակային ծրագրով ասում ենք, որ կրթության միջոցով պետք է գան նոր, տաղանդավոր ռեժիսորներ, որ վերջիններս պետք է հսկեն իրենց տաղանդը, կինոյի լեզվով ճիշտ արտահայտվել կարողանան: Իրականում, արվեստը, կինոն՝ «մեկ հիվանդի ցնորք է»: Հեղինակը միակ հետաքրքիր բանն է արվեստում: Երբ մենք խոսում ենք դպրոցի, գրագիտության մասին, պիտի հասկանանք, որ դրանք «տառաճանաչության» համար են: Որևէ մեկին հնարավոր չէ արվեստագետ դարձնել դպրոցում: Բայց օգնել տիրապետել «ցնորքին», օգնել դարձնելու մտքերը պատկեր, օգնել հավաքելու պատկերները՝ որպես պատմություն… այս տեխնիկական բնույթի կանոնների ուսուցման տեղը կինոդպրոցն է:

«ACTION! Ֆիլմ» կինոդպրոցի մասին

Փորձում ենք սերունդ կրթելու այդ բարդ աշխատանքը ինքներս կատարել: Այս տարի մեզ մոտ նկարահանված ֆիլմերը, հույս ունեմ, կկարողանանք ցույց տալ էկրանին: Ամեն տարի ընդունելու ենք 10-12 մասնագետ՝ ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ, որոնց կսովորեցնենք՝ ինչպիսին են ժամանակակից պրոդյուսինգը, ռեժիսուրայի, դրամատուրգիայի ակադեմիական կանոնները: Մասնակիցները նաև զարգացնում են սեփական նախագծերը, դրանք դարձնում ֆիլմ: Այս իմաստով շատ հետաքրքիր էքսպերիմիենտ է, որը թերևս 3-4 տարի կգոյատևի, ապա մենք արդյունքների գնահատում կկատարենք՝ սերնդափոխություն եղա՞վ, եկա՞ն նոր կինեմատոգրաֆիստներ, թե՝ ոչ: Եթե, այո, ապա գործունեությունը կշարունակենք, եթե՝ ոչ, ի՞նչ արած, ուրեմն սխալվել ենք: Բայց ես կարծում եմ, որ 2-3 տարում արդեն կտեսնենք նոր ֆիլմեր, նոր ռեժիսորներ, բոլորովին նոր, հայկական կինոսերունդ:

Թեմատիկ սահմանափակումների մասին. Արցախյան պատերազմ, Ցեղասպանություն

Պետք է տարանջատել արվեստը պրոպագանդայից: Կինոսեր հասարակությունը դա հստակ անում է, հետևաբար փորձը՝ մեկի միջոցով մատուցելու մյուսը, դատապարտված է անհաջողության: Դուք կարող եք պրոպագանդա անել ու հասնել հաջողության: Դուք կարող եք ստեղծել ֆիլմ և հասնել հաջողության: Բայց խառնել այդ երկուսն իրար… դա բացի չընկալումից, ոչնչի չի հանգեցնի:

Քանի որ մենք թե՛ ցեղասպանություն են տեսել, թե՛ պատերազմ, շատ լավ ենք հասկանում՝ ինչո՞ւ է պետք մոբիլիզացվել, եթե կա վտանգ, ինչո՞ւ է պետք պաշտպանել հայրենիքը, ինչո՞ւ գնալ սահման: Այս ամենը շատ հստակ դրված է մեր հասարակության մեջ՝ կյանքի փորձից ելնելով: Իմաստը ո՞րն է՝ արվեստի միջոցով դա ևս մեկ անգամ պրոպագանդելու: Ուզում եմ շեշտել՝ պրոպագանդելու, ոչ թե գեղարվեստորեն վերաարժևորելու: Պրոպագանդան արվեստի ամենավտանգավոր թշնամին է:

Ցեղասպանության մասին ֆիլմերի զգալի մասը սարսափելի պլակատային պատմություններ են, որտեղ կա հստակ դահիճը, հստակ զոհը: Առաջինը հարձակվում է, երկրորդը՝ սպանվում: Այսպես մարդու էմոցիաների վրա չես ներազդի կամ կազդես միայն հայ հանդիսատեսի վրա, որովհետև իրանցին, կանադացին կամ ուրուգվայցին նախ և առաջ ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ է դահիճը դահիճ, իսկ զոհը՝ զոհ: Նրանց իսկապես տպավորելու համար անհրաժեշտ է տալ մեր անձնական, գեղարվեստական վերաիմաստավորումը:

Կինոլրագրողների և կինոքննադատների դերը հասրակության ճաշակի ձևավորման գործում

Որակյալ արվեստի և հանդիսատեսի միջև պատնեշ կա: Բերգմանն ասում էր՝ հանճարեղ արվեստը միշտ ունի ձանձրույթի էլեմենտ: Մեծ արվեստի համար հանդիսատեսի աչքերը բացելը կինոգետների, կինոտեսաբանների, կինոլրագրողների գործն է: Նրանց դերը չափազանց կարևոր է, որովհետև իրենք հանդիսատեսին դեպի մեծ արվեստ ուղղորդող միջանկյալ կամուրջն են:

Հայաստանում նոր դուրս եկած ֆիլմերը կա՛մ անտեսվում են, կա՛մ գտնում են «Ուռա, էս ինչ լավն էր», «վայ, էս ինչ վատն էր» արձագանքներ: Որևէ լուրջ կինեմատոգրաֆիական վերլուծության, սթափ, համապարփակ հայացք հայկական կինոյին, դիպուկ ախտորոշում, ես չեմ հանդիպել երկար տարիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում