Երևանցին նա է, ով մասնակցում է քաղաքի պատմության ստեղծմանը, ոչ թե շատ փողով գալիս, քաղաքի, նրա մշակույթի հերն անիծում ու գնում է. Դավիթ Սամվելյան

Երևանցին նա է, ով մասնակցում է քաղաքի պատմության ստեղծմանը, ոչ թե շատ փողով գալիս, քաղաքի, նրա մշակույթի հերն անիծում ու գնում է. Դավիթ Սամվելյան

Երևանն այսօր արդեն 2799 տերական է. քաղաք, որն իր թերություններով ու առավելություններով, հին ու նոր պատմությամբ մերն է:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է երիտասարդ երևանցի, գրող, աստվածաբան Դավիթ Սամվելյանի հետ, ում հետ զրույցի ընթացքում փորձել ենք բնութագրել մերoրյա Երևանն ու երևանցուն, մատնանշել խաթարված արժեքներն ու մերօրյա կուռքերը:

– Դավիթ, հայրենիքն այն թեմաներից է, որը սովորաբար գրողերի համար մուսա է դառնում: Ձեր դեպքում այդ մուսան գործո՞ւմ է, թե՞ ավելի շատ սերն ու մարդկային հարաբերություններն են անհանգստացնում:

– Ես երբեք հայրենիքին նվիրված ձոներ չեմ գրել, քանի որ չեմ կարող այն սահմանների մեջ դնել՝ իրեն բանաստեղծեմ, չափածոյացնեմ և այլն: Բայց դա իմ սուբյեկտիվ մոտեցումն է: Ինձ համար հայրենիքը սկսվում է քաղաքից, որտեղ ծնվել եմ, ապրում եմ ու ապրելով հանդերձ՝ կարոտում: Երևանը, ցավացող Երևանը, իմ գրեթե բոլոր պատմվածքների մեջ ներկա է: Նրան ամեն օր ցավ են պատճառում, բայց մեկ է, շարունակում է ապրել:

– Այդ ցավն ինչպե՞ս եք նկարագրում ստեղծագործություններում:

– Օրինակ, «4-րդ փողոց» պատմվածքը սկսվում է նրանով, որ քաղաքը գետնանցումների միջով լքում էին. մռայլ տեսարան, մեզահոտով լցված անցում, որտեղ մարդիկ համբուրվում են: Պատերին էլ գրված է՝ «ես կվերադառնամ, հավանաբար… կրկին հրաժեշտ տալու…» Որքան էլ կյանքը դժվար է դառնում մեր քաղաքում, որքան էլ փորձում են ջնջել քաղաքի պատմությունը, միևնույն է՝ սեր կա այստեղ (ժպտում է, հեղ.):

– Դուք ձեր ստեղծագործության մեջ քաղաքը նաև հյուրանոցի հետ եք համեմատում…

– Այո, ու այն հյուրանոց է ոչ միայն օտարազգի զբոսաշրջիկների համար, այլ՝ հենց հայերի: Մեր ժողովրդի մեծ մասը Երևան է գալիս հանգստանալու, հաճույքներ վայելելու ու հետ գնալու: Հեռվից էլ ասում են՝ ապրեք այդտեղ, լավն է մեր երկիրը, մեր քաղաքը:

– Երևանն ո՞ւմն է:

– Էստեղ ապրողներինը, բայց ապրելը միայն ուտելն ու սուտի բրենդային խանութներ գնալը չի: Դրսից եկողները, որ հարցնում են՝ ի՞նչ է ավելացել քաղաքում, պատասխանը լինում է՝ լավ սրճարաններ ու շորի խանութներ են բացվել: Ցավոք, սա չափանիշ է դարձել…

– Այստեղ ապրում են, որովհետև Երևանը շա՞տ են սիրում, թե՞ շատերի պես այստեղից հեռանալու հնարավորություն չունեն:

– Այսօրվա դրությամբ գնալ ցանկացող մարդը «չստիկներով», սպարտիվկով, 15-25 հազար դրամանոց տոմս է առնում ու գնում… Իսկ մնացողներին անտեսանելի ինչ-որ բան պահում է. սիրում են՝ սկսած փողոցներից մինչև իրենց անցյալի հիշողությունները…

– Դուք երևանցի եք, Ձե՞զ ինչն է պահում:

– Իմ շրջապատը, ընկերները, որոնց շարքը, ցավոք, կամաց-կամաց նոսրանում է: Բայց դե ես այս կեղտոտ օդը շնչելով էլ ինձ լավ եմ զգում: Ամիսներ առաջ մեկ ամսով Հայաստանից դուրս էի գտնվում, այնտեղ մարդիկ շատ ավելի բարի ու քաղաքակիրթ էին թե՛ միմյանց հետ շփման մեջ, թե՛ իմ՝ օտարիս նկատմամբ, բայց չկարողացա մնալ… Գիտեք, երևանաբնակն ու երևանցին տարբեր բաներ են: Հենց այսօր շատացած երևանաբնակների պատճառով է մթնոլորտը Երևանում բռիացել…

– Բայց երբեմն հեռվում ապրող հարազատն ավելի հոգատար է լինում տան նկատմամբ, քան՝ տանտերը:

– Համաձայն եմ, իմ սուբյեկտիվ կարծիքով էլ երևանցին նա է, ով հոգ է տանում այս քաղաքի մասին, սիրում է այն ու չի փորձում իր վատ բարքերն ու սովորույթները ներմուծել այս քաղաք: Ինչպես Պոզներն է ասել, պետք է սիրել այն վայրը, որտեղ ապրում ես, հակառակ դեպքում դու քեզ և՛ լավ չես զգա, և՛ որևէ օգուտ չես տա… Երևանցին նա է, ով մասնակցում է այս քաղաքի պատմության ստեղծմանը, ոչ թե շատ փողով գալիս, էս քաղաքի, նրա մշակույթի հերն անիծում ու գնում է: Տուրիստները գալիս են մեր քաղաք ու ասում՝ դուք ճարտարապետություն չունեք, քաղաքից դուրս են տեսնում միայն ճարտարապետական այդ կոթողները… Մեր քաղաքի պատմությունը չպետք է սկսվի 1900-ականների սկզբի ճարտարապետություններով, ախր մենք 2799 տարեկան ենք…

 – Մերօրյա Երևանը առավելություններ չունի՞:

– Գուցե տպավորություն է, թե ես հոռետես եմ, բայց ոչ, այդպես չէ, իրատես եմ: Միայն դրականը տեսնելով ու ասելով, թե ամեն ինչ շատ լավ է, ոչնչի չենք հասնի: Բոլորիս տեսողությունն ու զգացողությունը նույնը չեն: Շատ լավ է, որ բացասականը տեսնում ենք, բայց մեկտեղ պետք է այդ տեսածը շտկել, սրտացավ լինել… Ռոբոտիզացիա է, հիմա բոլորը ոչ միայն միանման են հագնում, այլև՝ նույնկերպ խոսում, մտածում ու գործում:

Բավական է՝ շրջապատում մեկը մի բան ասի, ավտոմատ բոլորը նրա հետ համաձայնվում են: Այսօր ամեն ինչ «շտամպվի» է դարձել՝ սկսած ճաշակից մինչև մտածելակերպ: Սովոր ենք մեր անձնական խնդիրները մեզ հետ տանել գործի տեղ, շրջապատ: Վատ ենք զգում, երբ մեր պրոբլեմով մենակ մենք ենք ապրում, պետք է այն անպայման փաթաթենք հարազատ, բարեկամ ընկերների ուսերին… Բեռնարդ Շոուն ասել է՝ մարդկանց 2 տոկոսը մտածում է, 3 տոկոսը մտածում է, թե ինքը մտածում է, մնացյալ 95 տոկոսը չի էլ ուզում մտածի… Այսօր գագաթնակետը, թիվ մեկ սկզբունքը շատերի համար փողն է: 90-ական թվականներին մարդիկ ամեն ինչ հանեցին վաճառքի, բացի պատվից, իսկ հիմա սկսվել է նաև պատիվը վաճառվել, քանի որ վաճառելու էլ ոչինչ չի մնացել: Կարող ես խելքդ, ունեցածդ, ստեղծածդ ծախիր, բայց, ցավոք, երբ դու արդեն ստեղծող ու արարող չես, այլ միայն սպառող, ապա մնում է սպառածդ ապրանքի համար վճարել. Այդ վճարման հեշտ ճանապարհը հիմա պատիվն ու արժանապատվությունն է: Եթե կյանքը քեզ ինչ-որ բան ստիպում է, պետք է այնքան ուժեղ լինես, որ գոնե ներսդ չփոխես: Եթե դու փոխվում ես, ուրեմն մյուսներից մի պահանջիր մնալ նույնը: Անձնական օրինակից լավ բան չկա.…

Մարդիկ չեն ուզում պայքարել, կամ «պայքարում» են «դիվանին» նստած, մոնիտորի հետևից: Անձնական վիրավորանքների են անցնում, ինչը նշանակում է, որ այդ քննարկում-վիճաբանությունն այլևս իրենը չի, իր ուղեղը ավելիին չի հերիքում: Բոլորն այսօր հեղափոխական Չե Գևարա են, բարոյականության սկզբունքների քարոզող են, սուր հումորի զգացում ունեն, առաջատար են, ճիշտ երաժշտություն ու գրականություն, ապրելակերպ են թելադրում՝ իրենք իսկ լիքը սովորելու տեղ ունենալով հանդերձ…

– Այսօրվա հասարակությունը կուռքեր ունի՞:

– Այո, բայց միայն երկուսը՝ քաղաքական ու ֆինանսական (ծիծաղում է, հեղ.): Գիտեք, իրականում հավատալն ու վստահելը տարբեր բաներ են. մենք հավատը կորցրել ենք արդեն, կան մարդիկ, ովքեր խելոք են, բայց իրենց հավատացողներն են քչացել… Ժամանակին մարդու բերանից դուրս եկած խոսքին հավատում էին, «ոսկե» խոսք էր, իսկ այսօր կարող է նույնիսկ գործ անես, բայց արածդ գործին չհավատան, ասեն՝ շահ ես հետապնդում: Դա նրանից է, որ երկար տարիներ դա ենք տեսել, ում հավատացել ենք, հետո ծախվել է ու գերի դարձել… Այնուամենայնիվ, երկրից չի կարելի հիասթափվել (ժպտում է, հեղ.):

Հետևեք մեզ նաև Telegram-ում