Քսանհինգ տարվա սերմանված բարեգործության պտուղները

Քսանհինգ տարվա սերմանված բարեգործության պտուղները

1992 թվականին մի հոլանդուհի, ով եղել էր Երևանում, Գյունթեր Բրինգմանին (գերմանական «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության հիմնադիրներ) պատմել էր մի հիվանդանոցի մասին, որում նունիսկ ջերմաչափ չկար: Չկար ո՛չ դեղորայք, ո՛չ սարքավորումներ: Այդ ժամանակ պարոն Բրինգմանը, ով բժիշկ էր և միաժամանակ Նյոհենհաուսի եկեղեցու երգչախմբի ղեկավարը, որոշում է բարեգործական համերգների միջոցով գումար հավաքել և ուղարկել Հայաստան՝ այդ հիվանդանոցին: Այն ժամանակ նրան «խենթ» համարեցին: Իսկ այսօր լրանում է «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության 25 տարին։ Այս մասին տեղեկացնում է Qahana.am-ը։

ԱՀԹ Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակի ու գերմանական «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության համագործակցության 25 տարին նշվեց հոկտեմբերի 14-ին՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում։

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Տ. Եսայի քահանա Արթենյանը ողջունեց ներկաներին ու փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը:

Միջոցառման ընթացքում թվով 17 երեխա՝ 8 ընտանիքից ստացան դրամական օգնություն, անկողնային պարագաներ և այլ նվերներ։ Երեխաներից յուրաքանչյուրը փոքրիկ Նյոհենհաուս քաղաքում ունի իր հովանավորը կամ հովանավորների խումբը, ովքեր տարատեսակ ծրագրերի ու միջոցառումների միջոցով գումար են հավաքում և օգնում նրանց։ Երեխաներն էլ այս անգամ դատարկաձեռն չէին եկել. իրենց կողմից փոքրիկ նվերներ էին պատրաստել բարերարների համար։

«Մենք արդեն 25 տարի է, ինչ համագործակցում ենք Արարատյան Հայրապետական թեմի հետ: Ճիշտ է, երբ սկսում էինք այս ամենը, մտածում էինք, որ երկար չի տևի համագործակցությունը, քանի որ հույս ունեինք, որ երեխաներն այլևս մեր կարիքը չեն ունենա և նրանց վիճակը կբարելավվի։ Շատ բան փոխվել է, բայց ցավոք, դեռ շատ խնդիրներ կան և մենք շարունակում ենք մեր գործունեությունը»,- նշեց պատվիրակ Անդրեաս Գրիսը:

Բարերարությունը նման է սերմի, որ ցանում ես տափաստանում։ Մի սերմից դուրս է գալիս մի այլ պտուղ, դրանից մյուսը, մյուսից հաջորդը ու տափաստանը վերածվում է կանաչուտի։ Ուղղակի պետք է ցանել առաջին սերմը և լինել առաջին սերմնացանը։ Քսանհինգ տարվա այս համագործակցությունը սկսվեց հենց այդ մի սերմից։ 

Միջոցառումը վերջացավ ձեռք ձեռքի բռնած «Ես քեզ սիրում եմ» երգի կատարմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում