Երբ է կնոջ կյանքն օրհնվում. ինչ է ասում Աստվածաշունչը

Երբ է կնոջ կյանքն օրհնվում. ինչ է ասում Աստվածաշունչը

Կնոջ հնազանդությունը՝ դուռ օրհնության համար

Աստված սիրում է տղամարդուն և կնոջը հավասարապես, սակայն նրանց դերն ընտանիքում տարբեր է:

Նա կնոջը տվեց հնազանդվելու պատվեր, իսկ տղամարդուն՝ նրան սիրելու իր անձի պես:

Կնոջ ապահովությունը կրկնակի է. մենք ունենք երկու «ամուսին»` մեր Տերը երկնքում, և երկրի վրա մեր ամուսինը, որովհետև ամուսնու գլուխը Տերն է և երբ հնազանդվում ես ամուսնուդ, հնազանդվում ես Տիրոջը: Հնազանդությունը շատ բարձր հատկություն է Աստծո առաջ, դա ուղղակի խնդրանք չէ, այլ պատվեր, որը կարելի է համարել կնոջ ծառայություններից ամենաառաջինը:

Հնազանդությունը Տերն ավելի պատվական է համարում, քան մեր խորիմաստ բացատրությունները: Ամենից առաջ Նա նայում է, որ եթե մենք հնազանդ ենք մեր ամուսիններին, ուրեմն՝ մենք հնազանդ ենք նաև իրեն, դա է մեր զարդը Տիրոջ առաջ և դա շատ հաճելի է Նրան:

«Նույնպես էլ կանայք, հնազանդ եղեք ձեր մարդկանց…» (Ա Պետրոս 3.1):

Հնազանդությունը դժվար է ամուսնության սկզբնական շրջանում, բայց հետզհետե կինը պետք է սկսի աճել դրա մեջ և հասունություն ձեռք բերել: Բայց եթե 5 տարի շարունակ դու ունես հնազանդվելու խնդիր, ուրեմն՝ պետք է վերանայես քո հոգևոր կյանքը:

Ամուսնության հենց սկզբից էլ հակառակորդը բերում է այս խնդիրը, որպեսզի քո աչքին ամուսինդ ցածր լինի, կորցնես քո հարգանքը, վստահությունը նրա հանդեպ՝ գուցե շատ չնչին երևացող խնդիրների միջոցով: Այդպիսով նաև դու սկսում ես կորցնել քո հնազանդությունը Աստծո հանդեպ: Սա հոգևոր պատերազմ է, և քո չհնազանդվելը կարող է հոգևոր տկարության բերել: Դու անընդհատ պետք է աշխատես քեզ վրա, աղոթես և Տիրոջից իմաստություն խնդրես:

Երբ նայում ենք Սառայի օրինակին, տեսնում ենք կատարյալ հնազանդություն իր ամուսնու հանդեպ անգամ այն ժամանակ, երբ Աբրահամի ասածը գուցե անհեթեթ թվար: Մի օր Աբրահամն ասաց Սառային, որ վերջինս ձևացնի՝ իբրև իր քույրն է… մեզանից շատերը նրա փոխարեն գուցե կասեինք, թե մեր ամուսինը վախկոտ է, անվստահ, որ մեզ այդպիսի բան է պատվիրում, բայց Սառան առանց որևէ բան ասելու հնազանդվեց, որովհետև ամուսինն իր համար հեղինակություն էր:

Խոսքը այն մասին չէ, որ թույլ տանք՝ մեզ տանեն մեղքի, այլ մենք վստահենք մեր ամուսիններին՝ դրանով իսկ վստահելով Տիրոջը, որ Նա էլ մեր ամուսնու գլուխն է:

Երբ որ հնազանդվում ես, գալիս է օրհնությունը, եթե չես հնազանդվում դուռ ես բացում հակառակորդի համար: Դրանք մենք սկզբում չենք նկատում, բայց հետագայում տեսնում ենք հետևանքը:

Հնազանդության կարիք գուցե լինի շատ փոքր հարցերում, որոնք ոչինչ չեն փոխում, բայց ամուսինը ուզում է տեսնել մեր մեջ՝ արդյոք հնազա՞նդ ենք իրեն, թե՞ ոչ: Մեր ամուսիններին պետք է զգան, որ իրենց խոսքը արժեք ունի մեզ համար, գնահատված է, դա է օգնում նրանց լինել հաջողակ:

Ուզո՞ւմ եք հաջողակ ամուսին, երեխաներ, ընտանիք ունենաք, լավ փոխհարաբերություննե՞ր եք ուզում, ուրեմն՝ հնազանդվեք, որովհետև Տերը օրհնությունը բերում է այդտեղից: Այն շատ կարևոր է, այն անհրաժեշտություն է:

Աստծուն և մեր ամուսիններին ուղղված մեր ծառայությունն է հնազանդությունը: Թող ամուսինդ քեզ համար հեղինակություն լինի, հարգված ու գնահատված ամեն ժամանակ:

Ընտանիքը կառուցվում է միայն հնազանդության շնորհիվ: Այն պատվեր է, որի մեջ աճելու տեղ ունենք:

Եթե քո երեխաները տեսնեն, որ իրենց մայրը հնազանդվում է իրենց հորը, դա նրանց համար շատ լավ օրինակ կլինի: Մենք պետք է հնազանդվենք մեր ամուսիններին՝

Երկյուղով, ակնածանքով,
Առանց ավելորդ խոսքերի,
Առանց կամակորության. հնազանդությունը չպետք է ուշացած լինի:
Ինչո՞վ ծառայել ուժեղ և հզոր տղամարդուն։

Վստահելով նրան, Աստված տղամարդկանց պատերազմող է ստեղծել, հզոր ուժ է տվել: Թող ամուսինդ զգա, որ դու իրեն վստահում ես, դա նրան ինքնավստահ կդարձնի:

Անկեղծ գովելով նրանց, քաջալերելով,
Նրա մեջ չմարելով մրցակցության հոգին,
Գովելով նրան, շշնջալով սիրո խոսքեր,
Միշտ մխիթարելով, լինելով նրա համար հավատարիմ ընկեր,
Կոկիկ պահելով նրա արտաքին տեսքը,
Ներելով նրան. գուցե նա ժամանակ առ ժամանակ քո ներման կարիքն ունենա,
Գնալով նրա հետևից, հետևելով ծառայության մեջ:

Անետա Սարգսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում