Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ

Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Տաթևի վանական համալիրի բակում տեղի ունեցավ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայաստանում ԽՍՀՄ միակ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարեց Կոմիտասի, Եկմալյանի, Մոցարտի, Վերդիի և Չայկովսկու ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

«Տաթևը զարմանահրաշ կառույց է։ Բազմիցս մասնավոր այցով եղել եմ Տաթևում, բայց այս անգամ, ի ուրախություն ինձ, այստեղ ելույթ ունեցանք մեր երգչախմբով։ 1111-ամյա իր բարձունքից մեզ նայող Տաթևի վանքը ջերմությամբ հյուրընկալեց մեզ։

Խորհրդանշական է, որ հոկտեմբերի 16-ին լրանում է «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկման յոթերորդ տարեդարձը»,- ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։

Երգչախմբի համերգը մեկն է այն միջոցառումներից, որոնք ուղղված են Տաթևում հոգևոր ու մշակութային կյանքի վերածննդին։ Համերգին ներկա էին Տաթևի վանքի հարակից համայնքների բնակիչները, բազմաթիվ հյուրեր ու զբոսաշրջիկներ Հայաստանից և արտերկրից։

«Եթե պատմության էջերն ուսումնասիրենք՝ կտեսնենք, որ 1111 տարեկան Տաթևի վանքը եղել է հայ հոգևոր երաժշտության դարբնոցը։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևի վանքի բակում հայ հոգևոր երաժշտության դարավոր ավանդույթների պահպանման ու շարունակության լավագույն օրինակն է», – նշել է Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանը:

«Երգչախմբի համերգը ինքնատիպ մի փորձ էր նույն տարածության մեջ հանդիպեցնելու մեր մշակույթի անցյալն ու ներկան․ կազմակերպել Տաթևի վանքի բակում մաեստրո Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի համերգը։ Թե՛ Տաթևը, թե՛ երգչախումբը հոգևոր և մշակութային բացառիկ արժեքներն են ոչ միայն հայերի համար։ Այս ձայները հնչել են աշխարհի լավագույն բեմերից, իսկ Տաթևը և «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կարողացել են համախմբել տարբեր ազգությունների ու դավանանքի մարդկանց։ Ի վերջո, այս «հանդիպումը» վաղ թե ուշ պետք է կայանար։ Այս համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն կենդանի լեգենդի՝ մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ»,- ասել է IDeA հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում