Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին

Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին

Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմն ընդգրկվել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկում։ Ամերիկյան կինոակադեմիայի այս անվանակարգի համար այս տարի 92 երկիր է հայտ ներկայացրել, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:

1 ժամ 34 րոպե տևողությամբ հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն է։ Նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Դերասաններն են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։ Ֆիլմի երաժշտությունը վստահվել է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունուն:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է սցենարիստ-ռեժիսոր Անահիտ Աբադի հետ, ում համար «Եվա»-ն, որպես լիամետրաժ ֆիլմ, դեբյուտային է:

 – Տիկին Աբադ, ինչո՞ւ և ինչպե՞ս առաջացավ այս թեմային անդրադառնալու մտահղացումը:

– Ընդհանրապես, ինձ հետաքրքրում է անբնական վիճակում հայտնված մարդու վերաբերմունքն իրականությանը, ճշմարտությանն ու ճակատագրին: Պատերազմային իրավիճակում ինչպե՞ս կկողմնորոշվի, ի՞նչ կեցվածք կընդունի կյանքի մարտահրավերների հանդեպ: Չէ՞ որ պատերազմի մեջ հայտնված մարդն արդեն իսկ բնականոն վիճակում չէ, պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը, բնականոն հունը փոխվում է… Այս թեման ինձ միշտ է հետաքրքրել: Եթե անկեղծ լինեմ՝ ինձ համար կարևորը համամարդկային հանդիսատեսն է, համամարդկային կոնտեքստում եմ ցանկացել ներկայացնել այն իրավիճակը, որում հայտնվել է մեր ժողովուրդը: Նույն համատեքստում կարելի էր անդրադառնալ նաև Սիրիային, Իրաքին, Աֆղանստանին, պարզապես ինձ այս տարածաշրջանն էր հոգեհարազատ…

– Համարձակ չէ՞ լիամետրաժ ֆիլմերի Ձեր դեբյուտը հենց այս թեմայով մեկնարկել:

– Կարծում եմ՝ ոչ: Թեման պետք է իմ ներաշխարհին հարազատ լիներ, հակառակ բան չէի կարող նկարել: Ես ընդամենը ռեժիսոր չեմ, ում գործը պարզապես նկարելն է: Ինձ համար պետք է ներդաշնակ լինեն մտածողությունն ու տրամաբանությունը: Պետք է համոզվեմ, որ այն, ինչ զգում եմ, իմ ասելիքն է ու կընկալվի հանրության կողմից:

– Ղարաբաղյան շարժման, պատերազմի տարիներին եղե՞լ եք Հայաստանում:

– 1992 թվականին շուրջ 7-8 ամիս Հայաստանում եմ եղել, իրանական նախագիծ էինք իրականացնում …

– Իսկ Արցախում առաջին անգամ ե՞րբ եք եղել:

– 1999 թվականին եմ եղել, այդ ժամանակ էլ մտքումս ծնունդ առավ այս ֆիլմի նախնական սցենարը:

 – «Եվա» ֆիլմում պատերազմից հետոն է ներկայացվում: Իրականում, որո՞նք են հետպատերազմյան շրջանի այն խնդիրները, որոնց մասին դուք բարձրաձայնել եք Ձեր ֆիլմում:

– Նախ, պատերազմից հետո էլ այդ արհավիրքը, սարսափը, վտանգը սրի նման կախված է մարդկանց գլխավերևում. հետպատերազմյան շրջանում արագ հասունացած հասարակություն է, երեխաներ, որոնց մանկությունը վաղ է ավարտվել: Պատերազմն, անխոս, իր հետքն է թողնում այն տարածաշրջանի բնակչության, սերնդի վրա, որտեղ եղել է: Այդ մարդիկ վախենում են, որ ամեն ինչ կարող է նորից սկսվել, կարոտում են խաղաղությունը: Բայց մեկտեղ պարտավոր են ապրել, գոյատևել ու դիմակայել վտանգներին: Այս ֆիլմը ներկայացնում է կյանքի նկատմամբ սերը՝ հակառակ բոլոր սպառնալիքներին ու վտանգներին: Կյանքը գեղեցիկ է ու բոլորս սիրում ենք այն:

– Ֆիլմում ներկայացված պատմությունների մեջ կա՞ այնպիսին, որն իրական է:

– Ո՛չ, չունեմ այնպիսի կերպար, որի պատմութունն ինչ որ մեկից եմ քաղել: Սա իմ ընկալումն է նման իրավիճակում հայտնված մարդկանց մասին: Բայց այս պատմություններն իրական շունչ ունեն…

 – Տիկին Աբադ, նկարահանումների ժամանակ ստեղծագործական ամբողջ խմբի հետ երկու ամսից ավելի Արցախում եք ապրել: Ինչպիսի՞ն էր այնտեղ վերաբերմունքը Ձեր նկատմամբ:

– Այո՛, ես երկու ամիս խմբի հետ եմ մնացել, բայց մինչ նկարահանումները սկսելը, 6-7 ամիս պարբերաբար այնտեղ եմ եղել: Արցախցիք շատ սրտաբաց ու ջերմ են, վստահել ու հավատացել են, որ մենք նկարում ենք ֆիլմ, որը հոգեհարազատ է իրենց իրականությանը:

– Գիտեմ, որ դերասանական կազմին անձամբ եք ընտրել: Մինչ այդ ծանո՞թ էիք հայ դերասաններին ու նրանց վարպետությանը, թե՞ քասթինգի կամ գործընկերների խորհրդով եք ընտրել:

– Ոմանց ճանաչում էի, ոմանց՝ ոչ: Քասթինգ չեմ անցկացրել, հայաստանյան գործընկերներս ընտրության հարցում առաջարկներ են արել, խորհուրդներ տվել… Անձամբ եմ բոլոր դերասաններին հանդիպել, թատրոններ եմ գնացել, ներկայացումներ նայել, որ ծանոթանամ նրանց աշխատանքներին: Ում հավանել եմ, հետո խնդրել եմ իր հեռախոսահամարը գտնեն ու ինձ հետ հանդիպում կազմակերպեն:

– Բավական պատասխանատու է գլխավոր հերոսի ընտրությունը, ինչպե՞ս որոշումը կանգ առավ հենց Նարինե Գրիգորյանի վրա:

– Նրա հետ հանդիպելով և զրուցելով հասկացա, որ միասին կարող ենք թեթև աշխատել: Այդպես էլ ստացվեց, թեև աշխատանքը հսկայական ու ծանր էր (ժպտում է՝ հեղ.):

 – Դերակատարներից ումի՞ց առավել մեծ սպասելիքներ ունեիք, բայց չարդարացան, և ընդհակառակը՝ ո՞վ գերազանցեց Ձեր սպասումները:

– (Ժպտում է՝ հեղ.) եկեք չասեմ, թե ովքեր են այն դերասանները, որոնցից ավելին էի սպասում… Բայց կասեմ, թե ումից չէի սպասում, բայց ստացվեց. դա հասարակ բնակչությունն էր, ովքեր ժամանակ առ ժամանակ հայտնվում են կադրում ու իրենց աշխատանքը գերազանց կատարում: Դա իրական մթնոլորտն էր, որի վրա կառուցելու էինք ֆիլմի ողջ ընթացքը:

– «Եվա»-ն արդեն իսկ ընդգրկված է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկում: Սպասո՞ւմ էիք նման զարգացման:

– Այս տարի որոշեցինք մեր բախտը փորձել, ուրախ եմ, որ այդ ծանր բեռը վստահվեց մեր ֆիլմին: Տա Աստված՝ առաջընթաց լինի:

– Ֆիլմը ե՞րբ հասանելի կլինի նաև հեռուստադիտողին:

– Չեմ կարող հստակ ժամանակ նշել, բայց մի բան հաստատ է՝ 2017-ին այն հաստատ հեռուստաէկրանին չի հայտնվի:

– Նոր սցենարի, ֆիլմի վրա աշխատո՞ւմ եք:

– Այո՛, մի քանի սցենար ունեմ, որոնց վրա սկսել եմ աշխատել դեռ ամիսներ առաջ: Երբ ծանրաբեռնվածությունս մի քիչ թեթևանա, կսկսեմ նկարահանումները, որոնք նորից կլինեն այս տարածաշրջանում: Թեմայի մասին որոշ ժամանակ հետո կխոսեմ: Միայն կասեմ, որ «Եվա»-ի թեմայից շատ հեռու չի…

Հետևեք մեզ նաև Telegram-ում