Սելիմի քարավանատունը 685 տարեկան է

Սելիմի քարավանատունը 685 տարեկան է

Միջնադարյան Հայաստանում քարավանային առևտրի զարգացմանը զուգահեռ ընդարձակվել ու բարեկարգվել են ճանապարհները, կառուցվել իջևանատներ, քարավանատներ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նմանօրինակ կառույցների շարքին է դասվում նաև իր աշխարհագրական դիրքով և ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ունեցող, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր համայնքում գտնվող Սելիմի քարավանատունը (Սուլեմայի կամ Չեսարի քարավանատուն): Հուշարձանի կառուցման 685-ամյակին նվիրված «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայությունը նախաձեռնել է միջոցառում: ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ միջոցառման մասնակիցները պատմական ակնարկի միջոցով անդրադարձել են 13-րդ դարի առաջին կեսին Օրբելյանների իշխանական տոհմի հիմնադրմանը Հայաստանում, խոսել Չեսար Օրբելյանի կողմից Սելիմի քարավանատան կառուցման մասին:

«Չեսարի քարավանատունը նման է պատմական Հայաստանի Տայք նահանգի նմանատիպ քարավանատներին: Տայքից Վայոց ձոր տեղափոխվելուց հետո Օրբելյանները նման քարավանատուն են կառուցել են նաև այս մարզում: Օրբելյանների տոհմը հետաքրքիր ձեռագիր է թողել հայոց պատմության մեջ: Շինարար ու մեծ գիտնական Ստեփանոս Օրբելյանի շնորհիվ մենք այսօր շուրջ 700 բնակավայրի մասին սկզբնաղբյուր տեղեկություններ ունենք: Շատ կարևոր է, որ սերունդները հիշեն ու պահպանեն մեր պատմամշակութային ժառանգությունը», -իր ելույթում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում