33 ժամ, 2 րոպե և 41 ժամ անընդմեջ նվագ. հայ ջութակահարը՝ Գինեսի ռեկորդակիր

33 ժամ, 2 րոպե և 41 ժամ անընդմեջ նվագ. հայ ջութակահարը՝ Գինեսի ռեկորդակիր

Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանած ջութակահար Նիկոլոայ Մադոյանն իր հաղթանակը նվիրել է ապրիլյան պետերազմի հերոսներին։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

33 ժամ, 2 րոպե և 41 ժամ անընդմեջ նվագով (ժամը մեկ՝ 5-րոպեական դադարներով ջութակահարը  համաշխաշխարհային ռեկորդ է սահմանել։

«Այս ռեկորդի անվանակարգն ինձ համար հրաշալի հնարավորություն ստեղծեց իմ տարբեր նպատակները, գաղափարները կյանքի կոչելու։ Ընտրել եմ 59 ստեղծագործություն, որոնց թվում են Կոմիտասի «Ծիրանի ծառը», «Քելեր ցոլեր»-ը, Էդվարդ Բաղդասրյանի «Նոկտյուրն»-ը։ Կանոնների համաձայն՝ չորս ժամվա ընթացքում ես իրավունք չունեի կրկնել նույն ստեղծագործությունը։ 59 ստեղծագործությունից բաղկացած շրջափուլը կրկնվում էր մոտ 8 անգամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ջութակահար Նիկոլոայ Մադոյանը։

Գինեսի համաշխարհային գրասենյակը պաշտոնապես ճանաչել է նրա ռեկորդը հուլիսի 25-ին, իսկ ռեկորդը սահմանվել է փետրվարի 11-12-ը՝ Կամերային երաժշտության տանը։

«Գինեսի գրասենյակից ուղարկված նամակում նշել էին, որ մեծ բավականություն են ստացել կատարումներից, ինչն ինձ համար շատ կարևոր էր, քանի որ ֆիզիկական լարվածության հետ կարողացել եմ գեղարվեստական տարրը պահապնել»,- կիսվեց ջութակահարը։

Ինչ վերաբերում է տեխնիկական մասին, Նիկոլոայ Մադոյանը նշեց, որ իրենից ֆիզիկական մեծ լարվածություն է պահանջվել, սակայն դա էլ հաղթահարելու ձև գտել է և այդ փորձով կկիսվի նաև իր ուսանողների հետ. «Սա մեծ փորձ էր ինձ համար՝ ստուգելու իմ տեխնիակակն վիրտուոզային հնարավորությունները։ Կարելի է ասել ես այդ ընթացքում մշակեցի նոր մեթոդիկա, որը հնարավորություն է տալիս տասնյակ ժամ նվագել, և ծանրաբեռնված մկանների աշխատանքը մանր շարժումների շնորհիվ վերականգնել՝ նվագը չդադարեցնելով»։

Առաջիկայում ջութակահարը հյուրախաղերով կլինի Իտալիայում։

Ն. Մադոյանը ծնվել է 1973թ. Երևանում: Նա մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: Եղել է այնպիսի ականավոր երաժիշտների սան է, ինչպիսիք են` Ա. Բոգդանյանը, Զ.Բրոնը, Ի.Սթերնը և Մ.Սոլովյովը: Ելույթ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ և այնպիսի հայտնի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են` Կ.Մազուրը, Ր.Հիքոքսը, Կ.Աբբադոն, Ա.Կացը, Դ.Կիտաենկոն, Վ.Գերգիևը, Լ.Հագերը, Մ.Բամբերտը, Պ.Դուֆալլոն, Ն.Ալեքսեևն ու այլոք: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլն: Ջութակահարի երկացանկը այնքան բարդ է, որ ոչ բոլոր երաժիշտներն են պատրաստ այն կատարել մեկ համերգի ընթացքում: Դրանցից են` Բեթհովենի 10 սոնատները ջութակի և դաշնամուրի համար (կատարվել են 2000թ.` Բեթհովենի 230-ամյակի ժամանակ), Պագանինիի 24 Կապրիզները (2001թ.), Բախի 6 սոնատները մենանվագ ջութակի համար (2003թ.), 6 սոնատները ջութակի և դաշնամուրի համար (2004թ.) և այլն: Բացի այդ, իրականացրել է նաև Ս.Պրոկոֆևի, Է.Գրիգի, Ֆ.Մենդելսոնի և Յո.Բրամսի սոնատների ձայնագրություններ:
2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում