Նուռը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի

Նկարիչ, քանդակագործ և դիզայներ Արման Դավթյանը` Նուռը, հոկտեմբերի 6-15-ը կայացած ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի՝ Մեդիչիի LORENZO IL MAGNIFICO ոսկե մեդալի:

«Իհարկե, սպասելի չէր, որովհետև միշտ կա անվստահություն: Ցանկացած մրցույթի ժամանակ, երբ քեզ պետք է գնահատեն, միշտ հուզված ես լինում, վախենում ես, ամեն ինչի պատրաստ պետք է լինել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նուռը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի մրցակցությունը բարդ էր, քանի որ մասնակիցները շատ էին՝ 417 ստեղծագործող 74 երկրից, ներկայացված էր 1100-ից ավելի աշխատանք:

«Մրցակցությունը մեծ էր ու պատասխանատու: Եկել էին աշխարհի ամենահայտնի և ամենակայացած ստեղծագործողները: Այդ իսկ պատճառով մինչև գնալս էլ վախենում էի, երբ գնացի ու տեսա՝ էլի ավելի շատ հուզվածություն առաջացավ»,- նշեց Նուռը՝ միաժամանակ հավելելով, որ տաս օր շարունակ ամենաշատ այցելու ունեցող, ամենաաչքի ընկնող տաղավարը հենց հայկականն էր:

Նա նաև նշեց, որ բիենալեի պատմության ընթացքում ոչ մի փորք պետություն չի հաղթել:

Նուռը ներկայացրել է երկու աշխատանք՝ «Ճանճ», «Ճանճ էվոլյուցիա»:

««Ճանճ» աշխատանքը ներկայացում է սիրո պատմություն: Այն փոքր չափի արձանիկ է, որը տրանսֆորմացիա է լինում, վերածվում է ակնոցների: 2007 թվականին եմ ստեղծել: Հենց արել եմ այս բիենալեի համար: Ամեն տարի պատրաստվում էի գնալ, չէր ստացվում»,- ասաց արվեստագետը:

Նրա ներկայացմամբ, այս աշխատանքի ասելիքը հետևյալն է. «Պատմում է սիրո մասին: Ինչո՞ւ է ճանճն ընտրված որպես կերպար, որ պատմի սիրո մասին: Այն ամենաատելի էականերից մեկն է: Աշխարհում ավելի ահավոր բաներ կան ճանճից, բայց ճանճն ավելի հաճախ հանդիպող ու իր հասցեին ամենաշատ ատելության խոսքեր ստացողն 1: Իմաստն այն է, որպեսզի կարողանանք սիրել այն, ինչ ատում ենք»:

«Ճանճ էվոլյուցիա»-ն 3 մետրանոց բրոնզաձույլ արձան է:

«Այն պատմում է այն մասին, որ էվոլյուցիա ապրելուց հետո մարդկությունը, աշխարհի բոլոր էակները մեծանում են, ծանրանում, ավելի նշանակալի են դառնում, բայց կորցնում են կարևոր մի բան՝ կապը բնության հետ: Մեծ ճանճը կոչ է անում, որպեսզի մարդիկ պահպանելով պրոգրեսը՝ վերադարձնեն իրենց հայացքը դեպի բնություն, սեր, մանրակրկիտ դիտողություն»,- ասաց Նուռը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում