Գիշերն իջավ

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
– Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն…

Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ’է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
– Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
– Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն…

ՈՒ կձայնե մատուռն հստակ.
– Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն…

Ռուբեն ՍԵՎԱԿ

Ռուբեն Սևակ– ծնվել է 1885թ․ փետրվարի 15-ին։ 1901-1905 թթ. սովորել է Կ. Պոլսի Պեր­պե­րյան վար­ժա­րա­նում։ Դպրոցական տարիներից զբաղվել է գրական գործունեությամբ։ Գիտության նկատմամբ սեր և հակումներ ունենալու շնորհիվ, Պերպերյան վարժարանի տնօրեն, վաստակավոր ուսուցչապետ Ռեթեոս Պերպերյանի խորհրդով ու բարոյական օժանդակությամբ մեկնել է Շվեյցարիա՝ բժշկական կրթություն ստանալու։

1905-1911/1912 թթ. սովորել է Եվրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից մեկում՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Լավ տիրապետել է ֆրան­սե­րե­նին։

Մի օր Լոզանի օրիորդաց վարժարանի մոտով անցնելիս պատահաբար տեսել է այդ վարժարանի սան, պրուսական զինվորական ազդեցիկ ընտանիքից սերած գերմանուհի Հելեն ֆոն Պրաամին (Յաննի Ապել) ու նրա գեղեցկությամբ հրապուրվել։ Յաննիի հետ Ռուբենին ծանոթացրել է վերջինիս ընկերը՝ եգիպտահայ Լևոն Ազնավուրյանը։ 1910 թ. Փարիզում / Լոզանում ամուսնացել է Յաննիի հետ։

1911-1914 թթ. Լոզանի մի հիվանդանոցում և մի դարմանատանը օգնական բժիշկ է աշխատել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել։

1912 թ. Լոզանում ծնվել է որդին՝ Լևոնը, իսկ 1914 թ. Կ. Պոլսում՝ դուստրը՝ Շամիրամը։ Ուսանողության շրջանից սկսած հետաքրքրվել է Հայրենիքի ազատության պայքարի գաղափարով։ Եղել է ՀՅԴ անդամ։
1908-1914 թթ. եղել են նրա ստեղծագործական բեղուն տարիները։ Նրա բանաստեղծությունները և մյուս գրությունները լույս են տեսել Կ. Պոլսի «Սուր­հան­դակ», «Ազ­դակ», «Շանթ», «Հայ գրա­կա­նու­թիւն», «Ազա­տա­մարտ», Վենետիկի Մխիթարյանների «Գեղունի», «Բազ­մա­վէպ», ինչպես նաև այլ պարբերականներում։

1914 թ. կնոջ և որդու՝ Լևոնի հետ (1912-2005) վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում։ Այնտեղ ծնվել է դուստրը՝ Շամիրամը (ծն. 1914)։

1915 թ. դասախոսություններով հանդես է եկել Կ. Պոլսում՝ հայ բժիշկների կազմակերպած հիվանդապահության դասընթացում։ Երազել է Կ. Պոլսում բժշկական գիտահանրամատչելի պարբերական հիմնել։

Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, հանրամատչելի զրույցների, քնարական

Հետևեք մեզ նաև Telegram-ում