Գյուղացին ու արջը

Գյուղացին իր բոստանում
Գարնան սերմ էր ցանում,
Արջը եկավ. – Բարև ձեզ,
Ինչ ես անում քեզ ու քեզ.
Արի այ մարդ միանանք,
Մեկտեղ անենք վարուցանք:

 Վարուցանքը մեր կիսրար
Հունձն էլ անենք, հավասար:
– Աչքիս վրա արջ ապեր,
Օտար հոմ չենք, կուզես բեր,
Հենց առաջին անգամը
Ցանենք մոտիս շաղգամը:
Ինձ՝ արմատը հողումը,
Քեզ փրերն ու ցողունը:
– Ցանենք, – ասավ ապերը, –
Ինձ ցողունն ու փրերը:
Քաղցր ու խոշոր շաղգամը
Հողում տռզեց աշնանը:
Արջ ախպերն ու գյուղացին
Շաղգամն հողից հանեցին,
Ապերն առավ փրերը,
Արմատները՝ ընկերը:
Արջը տեսավ, որ խաբվեց,
Մարդու դեմը քիչ լարվեց:
– Վայ, ինձ խաբե գյուղացին,
Կաց, էն մյուս ցանոցին,
Ինչ որ ցանենք հողումը,
Նրան կտամ ցողունը:

Էն մյուս տարին ցանոցին
Արջին ասավ գյուղացին.
– Ապեր արի էլի մենք
Կիսովի մի բան ցանենք:
Արջը թե՝ հա, շատ բարի,
Միայն անշուշտ էս տարի
Ինձ՝ արմատը հողումը,
Քեզ փրերն ու ցողունը:

– Համաձայն եմ ես նորեն,
Էս հետ ցանենք մենք ցորեն:
Մարդը գիտեր իր բանը
Ապորը հետ, իր տանը
Ցորենն ածեց տոպրակը,
Տվեց նրա շալակը:
Եվ ցանեցին մեծ արտը,
Բրդոտ ապերն ու մարդը:
Ընկերները միասին
Արտը հնձեցին հունիսին:
Մարդուն հասկն ու ցողունը,
Արջին արմատն՝ հողումը:
Արջը եստեղ չհամբերեց,
Մի լավ, մի լավ փրփրեց.
– Հում կաթնակեր խաբեբա,
Անտառ կգաս դու ապա:
Տես գլուխդ ինչ բերեմ,
Միսդ վրեդ քրքրեմ:
Արջը էդպես նեղացած՝
Թքեց մարդուն ու գնաց:

Էլ չսպասեց գյուղացին,
Ցորեն հանեց կալոցին,
Հանեց տարավ ջրաղաց,
Ցորնից ալյուր նա աղաց,
Ալյուրիցը հաց թխեց,
Արջի վրա ծիծաղեց:

Օրը ցուրտ է…Ձյուն ձմեռ
Մրսեց մարդու ոտ ու ձեռ.
Կնիկն ասավ. – Սրտամեռ,
Գնա անտառ ու փայտ բեր:
Մարդն էլ երկար մտածեց…
Մի օր սայլը նա լծեց,
Ախ քաշելով անդադար՝
Քշեց, գնաց դեպ անտառ:
Մին էլ ճամփին՝ աղվեսը
– Հլա սրա երեսը,
Լուն վրայից որ ընկնի,
Հազար կտոր կլինի:
Ինչ ես թթվել, այ անճար,
Ադամորդի չաչ – բանջար,
Ասա, ինչ է քո դարդը,
Ինչ անճարն է էս մարդը:
– Պարոն աղվես, դու գիտես,
Արյուն կերթա իմ սրտես:
Թե ինձ արջից ազատես,
Հինգ հավ ունեմ չաղլիկ – չաղ,
Հինգն էլ կանեմ քեզ մատաղ:
Լավ, լավ, Հինգ հավ…
Չաղ ու գեր,
Պարոն աղվես, մեկ – մեկ կեր…
Բայց թե ինչն է պատճառը,
Ասա գտնեմ ես ճարը:
– Էլ ինչ ասեմ մի առ մի,
Արջը հետս է թշնամի,
Նրա ահից էս տարի
Տանն եղել եմ ես գերի:

Էսպես սաստիկ ձմռանը
Փայտ չես գտնի իմ տանը:
– Դարդ մի անի, մարդ ախպեր,
Գնա անտառ ու փայտ բեր,
Թե որ տեսնի քեզ արջը՝
Անվախ կանգնի առաջը,
Ասա այ արջ, դեհ փախի,
Ականջներդ մի կախի,
Էս է կգա որսորդը,
Որ տիկ հանի քո մորթը:
Նա կասի, վահ…ինչ անեմ,
Դու էլ նրան՝ եկ պահեմ.
Եկ դու՝ մինչև իմ գալը,
Կոխիր արջին ջվալը:
Ես էլ կգամ,
Այ, տես, մի տես, քո հետքովը՝
Որսորդի պես:
Գնաց մարդը խիտ անտառ.
Դեռ չէր կտրել նա մի ծառ,
Ձայնը լսեց էն արջը,
Եկավ ցցվեց առաջը:
– Եկել ես, հա, խաբեբա:
Սուս կաց, ապեր,
Սուս, անհամբեր, Աստված վկա,
Մեծ փորձանք կա:
Էս էլ կգա որսորդը,
Որ տիկ հանի քո մորթը:
– Բա ինչ անեմ…
Իմ հալը …
Արի մտիր ջվալը,

Սայլի տակին քիչ պառկիր,
Ու շունչդ քեզ հավաքիր:
Մինչև որսորդի գալը
Արջը մտավ ջվալը:
Իսկույն եկավ աղվեսը,
Չկա մեկն էլ էդպեսը,
Եկավ բեղերը սրած.
Պոչը գետնովը փռած,
Եկավ սաստիկ բարկացած,
Դունչը տնկեց ու գոռաց.
– Էյ, եկ էստեղ, գյուղացի,
Բան եմ ասում, իմացի.
Ես որսորդն եմ արքայի,
Գիտես ում եմ ման գալի.
Քո բարեկամ չար արջը
Դեռ չի տվել իր խարջը:
Չեմ հեռանա մոտիցդ,
Մազ կանցկացնեմ քթիցդ,
Խոտ կկոխեմ քո մորթը,
Ասա, ուր է բրդոտը:
– Պարոն որսորդ, ես քեզ մի ճորտ,
Ես չգիտեմ, բանի հետ եմ,
Արջն ինձ էլ է թշնամի…
– Ինչ ես անում սուտ քամի,
Բա էն ինչ է սայլի տակ,
Հիմի քաշեմ մի ապտակ:
Կտրած ծառիս քոթուկն է…
– Սրան տես ինչ հանդուգն է:
Որ էդպես է, սայլին դիր
Ու պարանով պինդ կապիր:

Փայտը սայլին կդնեն,
Ոչ թե տակին կպահեն:
– Էս սհաթիս, աչքիս լուս,
Խոսքդ չանեմ մեկն երկուս:
Մարդը հասավ ջվալին,
Գրկեց, դրեց իր սայլին,
Բացեց թոկը, շտապեց,
Արջին սայլից պինդ կապեց:
Ու աղվեսի խոսքովը,
Իրա ձեռքի կացնովը,
Էնքան խփեց էն խեղճին,
Արջը սատկեց սայլի միջին:
Մարդը ուրախ, ազատ, անվախ,
Փայտը բարձեց, սայլը լծեց,
Դրեց արջին սայլի միջին,
Ու աղվեսին սայլի ուսին,
Ինքն էլ ոտով, եզան մոտով,
Ճիպտին տվեց, հո արավ,
Բարերարին տուն բերավ,
Որ տա չաղ –չաղ հավերը,
Իր խոստացած նվերը:
Բայց դեռ տանը չհասած,
Գյուղի շներն անիծած,
Որ աղվեսի հոտն առան,
Մեծ ու պստիկ դուրս թռան,
Հարա – հրոց հանեցին,
Ու աղվեսին լարեցին:
Էն աղվեսը վազեվազ
Շնչակտուր, հազիվհազ
Մի ծակ գտավ, մեջը մտավ։

Ինքնահավան, ճորթած բերան,
Հա մեջընկան,
Գետնի տափան, վազքիս խափան,
Էս րոպեիս ես քեզ ցույց տամ,
Կաց շների բերանը տամ…
Ու աղվեսը պոչի կեսը
Հանեց մեկնեց խորը ծակից:
Էն շներն էլ, մեծն էլ փոքրն էլ,
Ողջը կծան, վրա պրծան,
Գզին, գզվան, պոչին լծվան
Ու քաշեցին, քաշքշեցին,
Էն աղվեսին, դուրս հանեցին,
Բուրդ դրեցին ու գզեցին:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում