Մատենադարանում բացվելու է «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով ցուցադրություն

Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 24-25-ը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողով:

Մինչ այդ՝ հոկտեմբերի 23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի ցուցասրահում կբացվի «Մխիթարյանների 300-ամյա պատմություն» խորագրով ցուցադրություն:

Մատենադարանից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ցուցադրությանը ներկայացվելու են Վենետիկի Սուրբ Ղազար կղզում 17-18-րդ դարերին տպագրված գրքեր:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է լինելու Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Լևոն արք. Զաքիյանը:

Գիտաժողովն ունի մի քանի բաժին՝ «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ»:

2018 թվականին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում գիտաժողով է կայանալու Վենետիկում, ինչպես նաև Երևանում՝ նվիրված «Բազմավեպ» գիտական հասարակական հանդեսի հիմնադրման 175-ամյակին:

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Այն հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել Սեբաստացու մահվանից հետո: Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հազար միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հազար:

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում