Վահան Արծրունի. Իմ մասնագիտական գործունեությունը և ստեղծագործության տարածման իրավունքը խոչընդոտվում են ՀՀ-ում

Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին երկու օր առաջ հանդես է եկել հայտարարությամբ «սեպտեմբերի 29-ին Զվարթնոցում չեղարկված «Մաշտոց Կոմիտաս» համերգային նախագծի, մշակույթի նախարարության վարած քաղաքականության և ՀՀ-ում մարդու և ստեղծագործողի հիմնարար իրավունքների ոտնահարման մասին»։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա մանրամասն անդրադարձել է այդ, նաև ինչպես Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հուլիսի 11-ին «Ջազ և ֆյուժն» ժանրի չկայացած համերգներին, դրանք խափանման փաստերի միջև հստակ կապ տեսնելով և այն մեկնաբանելով որպես «օրինաչափ» և մերժողական քաղաքականության դրսևորում:

Արվեստագետը հայտարարության մեջ մասնավորապես գրել է. «Բանն այն է, որ վերջին 15 տարիների ընթացքում ես բազմիցս հրապարակավ խիստ քննադատել եմ մշակույթի նախարարության որդեգրած՝ ոլորտը «ղեկավարելու» մեթոդաբանությունը, կողմնակալությունը, պրոտեկցիոնիզմը, արվեստագետներին երկրից դուրս ուղղորդումը (առավել ցայտուն օրինակները՝ Լ.Ճգնավորյան, Օ.Դուրյան, Ա.Ղարաբեկյան, Կ.Դուրգարյան), մշակույթի ազգային զարգացման դոկտրինի և ծրագրի բացակայությունը, արվեստի դաշտի արհեստական բաժանումը յուրայինների և ոչ յուրայինների, հաստիքայինների և արտոնյալների, ստեղծագործական ինքնադրսևորման անհավասար պայմանների իրողությունը, եղած միակ օրենքի հիմնային դրույթների շրջանցումը` անպատժելիության մթնոլորտում:

Ընդհանուր մշակութային դաշտի քայքայման, մշակութային գործիչների Հայաստանից դուրս ուղղորդման, ազատ արվեստի դաշտը ներկայացնող արվեստագետների խնդիրների անտեսման գլխավոր մեղավոր եմ համարել հենց մշակույթի նախարարության առկա քաղաքականությունը:

Իմ սկզբունքային քննադատական դիրքորոշումը, խիստ դիտարկումները, օբյեկտիվ բնութագրությունները և երկու համերգային նախաձեռնությունների փաստացի տապալումը սերտորեն կապված են, մեկը մյուսի հետևանք են և վկայում են իմ հանդեպ մշակույթի նախարարության որոշակի քաղաքականության և հատուկ վերաբերմունքի «հետևողական և ծրագրային» բնույթի մասին։ Այս բոլոր հանգամանքները դրդում են ինձ անել սույն հետևությունները և հայտարարությունը՝

1. Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևորումը սահմանափակվում են ՀՀ-ում՝ պետական ատյանի կողմից։

2. Իմ մասնագիտական գործունեությունը և ստեղծագործության տարածման իրավունքը խոչընդոտվում են ՀՀ-ում՝ պետական ատյանի կողմից։

Երկուսն էլ Մարդու Իրավունքի, Խոսքի, Մտքի և Ստեղծագործության ազատության օրենքների դրույթների կոպիտ խախտումներ են և պետք է մեկնաբանվեն որպես քաղաքական հետապնդում և ուղղորդում մշակութային դաշտից և երկրից դուրս։

Ես իմ երկրի ազատ քաղաքացին եմ, ստեղծագործող արվեստագետ։

Իմ ազատ գործունեությունը որևէ մեկը չի կարող խանգարել, խոչընդոտել, էլ չեմ ասում՝ արգելել»։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր անդրադարձել է Վահան Արծրունու հայտարարությանը՝ նշելով, որ ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաև հետագա ճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել(համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ):

«Համերգի հեղինակ Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու, փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին»,- նշել է նախարարը՝ հայտնելով համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում