Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հաստատման 90-ամյակի առիթով հովվապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ` հրավերով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և թեմական խորհրդի:
Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ն։

Այցի ընթացքում Նորին Սրբությանը ուղեկցելու են Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը և Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը:

Այս օրերին Նորին Սրբությունը կնախագահի թեմի 90-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, այցելություններ կկատարի Լոս Անջելեսի շրջանի հայկական դպրոցներ, առաջնորդարանում հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև թեմի երիտասարդների, հայկական վարժարանների սաների և շաբաթօրյա դպրոցների աշակերտների հետ:

Հոկտեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետը Ս. Պատարագ կմատուցի Ս. Ղևոնդյանց առաջնորդանիստ տաճարում, որի ավարտին Նորին Սրբության գահակալության 18-րդ տարեդարձի առիթով կկատարվի Հայրապետական մաղթանք:

Այցի շրջանակներում, հոկտեմբերի 30-ին, Վեհափառ Հայրապետը մեկօրյա այցելությամբ կմեկնի Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպում կունենա հայ համայնքի հետ, ինչպես նաև կմասնակցի Մեխիկոյի Մայր Տաճարում միջեկեղեցական հատուկ արարողությանը` ի հիշատակ երկրաշարժի զոհերի:

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում նոյեմբերի 1-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում