Ծիտն ու որբերը

Մի աղքատ այրի երկու որբ ուներ մի սովի տարի:
Երկու որբ ուներ՝ Հրաչ ու Հեղուշ,
Վեց – յոթ տարեկան, մեկ – մեկից անուշ:
Սոված ենք, սոված, նանի, մի ճոթ հաց…
Լաց էին լինում, մոր փեշից բռնում, հետևից գնում:
Հաց չունի նանը, որտեղից բերի,
Ինքն էլ է քաղցած, մի փորի գերի:
Սովի տարին է, էլ ինչ դուռ – դրկից,
Էն խղճուկ այրին չունի կարեկից:
Մի օր ճարահատ սովատանջ մերը,
Հետևից գցած իրեն որբերը,
Լացով ու թացով մտնում է ձորը:
Իր երկու անգին սիրասուն ձագին
Առնում է ծնկան, չի թողնում, որ լան:
Ու խորը ձորում, իրենց մոր գրկում,
Քնում են մուշ – մուշ Հրաչ ու Հեղուշ…

– Երկնքի հավքեր, – ասում է մերը, –
Էս երկու բալիս արեք ձեզ ընկեր, –
Ասում է, լալիս, – խղճացեք սրանց,
Մի թողեք սոված:
– Դաշտի գազաններ, դուք էլ մայրեր եք,
Էս սովի տարին դուք էլ խղճացեք,
Էս իմ որբերին:
Ասում է նանը, երեխանց պաչում
Ու վեր է կենում, ձորիցը փախչում:
Թե շատ են ննջում, թե քիչ են ննջում
Հրաչն ու Հեղուշն էն ձորամիջում,
Մեկ էլ զարթնում են, որ նանը չկա:
Ու վեր են կենում բռնում մի ճամփա,
Մի ոլոր ճամփա, մի մոլոր ճամփա,
Գնում են գնում ու նանի կանչում…
Մեկել մի թռչուն էսպես է ասում.
– Ինչու կուլաք հոնգուր – հոնգուր,
Փունջ մանուշակ ախպեր ու քույր:
Եկեք գնանք գիշերն ինձ հյուր, 
Ձեզ տեղ կտամ ծառիս տակին,
Ձեզ հաց կտամ արևծագին…

Առավոտը արևծագին՝
Ծիտիկն իջավ ծառի տակին.
– Գնանք, – ասավ, – անթև ձագեր,
Հրաչ, Հեղուշ անհեր, անմեր:
Եկեք գնանք ծառի տակից,
Եղեք դուք մեզ սեղանակից:
Ունենք մենք մի բարի տատիկ,
Որ ամեն օր խաշած հատիկ
Փեշը լիքը հանդն է գալիս
Ու մեր առաջ շաղ է տալիս:

Հրաչ ու Հեղուշ,
Քաղցած ու անուժ,
Ելան գնացին ծտի հետ սեղան,
Տատի հատիկին մասնակից եղան:
Տատը որ տեսավ երկու երեխին,
Վազեց ու ասաց մատաղ ձեր գլխին,
Երկու թոռնիկ ես ունեի…
Նրանց ցավը ես տանեի…
Հիվանդացան ծոցիս միջին:
Հիվանդացան ու ննջեցին: 
Չեմ հավատում նրանք մեռան,
Այլ ծտերից թևեր առան,
Թևեր առան ծտեր դառան, 
Ծտեր դառան, դես – դեն թռան…
Գնանք, եղեք դուք ինձ թոռներ,
Ձեզ չեմ թողի սովից մեռնեք:

Որ անցկացավ սովի տարին,
Բալի կարոտ էն խեղճ այրին
Ելավ ընկավ սար ու ձորեր.
Լացեց կանչեց, – Այ իմ որբեր
Հրաչ, Հեղուշ, ուր եք դուք ուր,
Ազիզ բալեք, ախպեր ու քուր:
Մնացել եմ ձեր կարոտով,
Հրաչ, Հեղուշ համով – հոտով:
Մի լուր տվեք, նախշուն հավքեր:
Իմ որբերին անտուն, անտեր,
Գազանները գտան կերան,
Թե գետերը առան տարան:
Գուցե՝ մեկը իր հոր խերին
Հաց է տալիս իմ որբերին:

Ծիտը վերից ասավ, – Նանի,
Էդքան էլ շատ սուգ մի անի,
Հրաչ, Հեղուշ, երկու գառնիկ,
Բարի տատիս եղան թոռնիկ:
Արի տանեմ որբերիդ մոտ, 
Էլ մի մնա բալի կարոտ:
Ծիտը իջավ տատի կտրան,
Նանը կանգնեց տատի դռան,
Ծիտը երգեց. – Ախպեր ու քուր, 
Հրաչ, Հեղուշ, ձեզ բարի լուր,
Ձեր մերն եկավ բոբիկ ոտով,
Ձեր մերն եկավ ձեր կարոտով:
Եկեք տեսեք դուք ձեր մորը,
Մի մոռոցեք էն սև օրը,
Ծառի տակի ձեր ծիտիկին
Ու մեզ պահող ծեր տատիկին:
Հենց որ երգեց տան կտրանը, 
Իր որբերին գտավ նանը,
Իր որբերին՝ Հրաչ, Հեղուշ,
Փունջ մանուշակ, անուշ, մեղուշ:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում