Երբ քո հայրենիքի մի մասնիկն ես, լավ բանն այնքան էլ աչքի չի ընկնում. Արամ Ավագյանը Հայաստանում է՝ «Իմ լուսին» համերգային ծրագրով

Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգահան Արամ Ավագյանը շուրջ 10 օր է՝ Հայաստանում է: Այցելության նպատակը նոյեմբերի 26-ին Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում նախատեսված հեղինակային աստղային երեկոն է, որը կրում է «Իմ Լուսին» խորագիրը:

«Հրավերը Հայստանից է եղել, ես էլ սիրով ընդունել եմ: Այդ օրը մոտ 25 երգ կհնչի, որոնք հանրության շրջանում արդեն մեծ տարածում ունեն: Համերգի խորագիրը հենց կազմակերպիչներն են որոշել, հավանաբար, կարևորելով այն հանգամանքը, որ համանուն երգը ժամանակին ամենասիրվածն ու տարածվածն էր, հիշողություններ է արթնացնում», – Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ա. Ավագյանը:

Երգիչ-երգահանի հետ բեմում կլինեն նաև Շուշան Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Սևակ Խանաղյանը, Նարեկ Բավեյանը, Նունե Եսայանը, Սոնա Շահգելդյանը, Անի Քրիստին, Էրիկ Կարապետյանը և այլ արտիստներ, ովքեր տարբեր ժամանակներում երգել են նրա հեղինակած ստեղծագործությունները:

«Համերգային ծրագրի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, երգերի, իմ ստեղծագործական ուղղու հետ կապված հետաքրքիր պատմություններ կներկայացվեն, կարծում եմ՝ անակնկալներ էլ կլինեն, որոնց մասին ես տեղյակ չեմ: Բեմում նաև հաղորդավար է լինելու, ում անունը դեռևս չենք բացահայտի», – նկատեց նա:

Շուրջ 15 տարի ԱՄՆ-ում բնակվող երգիչը Հայաստանում վերջին անգամ 7 տարի առաջ է եղել: Հարցին՝ տարիների ընթացքում շա՞տ է փոխվել Հայաստանն ու մայրաքաղաքը, պատասխանեց.

«Իրականում, այո՛, շատ է փոխվել: Եթե որպես տուրիստ ես նայում այդ փոփոխություններին, ապա հրաշալի են, հյուրանոցները շատացել են, որակյալ, ճաշակով ակումբներ, ռեստորաններ են բացվել: Բայց արդյոք Հայաստանում ապրողի համար դա մատչելի ու հաճելի է՝ հարցի մյուս կողմն է: Երբ քո հայրենիքի մի մասնիկն ես, լավ բան այնքան էլ աչքի չի ընկնում: Հատկապես, երբ հետևում ես ժողովրդի, քո ընկերների ապրելակերպին»:

Արամ Ավագյանը մենակ է Հայաստան եկել, կինն ու երկու դստրիկները նրան կմիանան համերգից օրեր առաջ:

«Երեխաներս դպրոց են հաճախում, չէին կարող դասերը թողնել: Ընտանիքս նոյեմբերի կեսերին կգա, համերգից մի քանի օր հետո էլ միասին կվերադառնանք ԱՄՆ», – Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց երգահանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում