Ինչու է միայն ամուսնական անհավատարմությունը քննադատվում

Արթնացա՞ր, առանց աղոթքի և Աստծու առաջնորդությամբ մի սկսիր օրը, բայց աղոթքին թող հետևեն գործնական քայլերը:

Տե՜ր Հիսուս Քրիստոս, Քո առատ ողորմության շնորհիվ առաջնորդիր մեզ այսօր երկյուղածությամբ անցկացնել մեր օրը և առանց գայթակղության ավարտել այն, և Քեզ վայել ակնածանքով գոհանալ քեզնից:

Ինչպե՞ս սովորենք լռել բողոքելու փոխարեն. պարզ եղանակ: Ես գիտեմ, որ Աստծու կամքը սուտ չխոսելն է,
սակայն խոսում եմ, որովհետև այդ պահի հանգամանքը բխում է իմ շահերից: Բայց առավոտյան աղոթքիս մեջ
ասել էի «Թող Քո կամքը լինի» : Անհավատարիմ գտնվեցի Աստծու փոքրիկ պատվիրանի մեջ, որը ոչ մի ջանք չէր պահանջում ինձնից չանելու համար:

Եթե մեկը ինձ ստի, ես իրավունք չունեմ բողոքելու, որովհետև նա էլ է ինձ պես մտածել. այսպես ենք սկսում և ավարտում մեր օրը անհավատարիմ մնալով բարոյական օրենքներին: Բայց չգիտեմ ինչու, քննադատվում է միայն ամուսնական անհավատարմությունը: Մենք անհավատարիմ ենք ամեն ինչում:

Նույնը վերաբերում է մնացած բոլոր պատվիրաններին: Երբ ես չեմ հարգում իմ ծնողներին, իզուր եմ հարգանք ակնկալում իմ երեխաներից և շրջապատից: Երբ ես չեմ տեսնում իմ մեղքը և չեմ ուղղում, ապա իրավունք չունեմ բողոքելու այլոց թույլ տված սխալների`չասեմ մեղքերի դեմ: Նրանք էլ են այդպես մտածում: Այդ պատճառով է բոլորս բողոքող ենք, տրտնջացող ենք, ու ոչ մեկս շտկվող չենք: Ինչպես Օմար Խայամն է ասում. «Քանի դեռ խոսքը չես ասել, դո՛ւ ես տերը, ասելուց հետո ինքն է դառնում քո տերը»:

Զգուշանանք մեր արտաբերած խոսքերի անստուգությունից:

Սա լավագույն միջոց է սեփական սխալներին անդրադառնալու և աստիճանաբար լռել սովորելու, այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ուղղվել: Իսկ ուղղվելուց հետո ոչ թե բողոքում ենք, այլ Աստծուց ողորմություն ենք խնդրում սխալվողի համար:

Պարզ տեսնում ենք, որ մեղանչողը կամ չի ճանաչում Աստծուն, կամ որ ավելի սարսափելի է` ճանաչելով անտեսում է Նրա խոսքը: Դարձյալ կա մի մեծ մխիթարություն: Աստված համբերեց ու հանդուրժեց ինձ, կհամբերի նաև մյուս մեղանչողին: Հայրը կամենում է որ սիրենք Իրեն և սիրենք միմյանց:

Ծովիկ Դավթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում