Օրոր

Աղվոր ես, չունիս խալաթ,
Էրթամ ով բերիմ պեխալատ, օրոր:
Էրթամ լուսընկան բերիմ,
Լուսուն աստղերը պեխալատ, օրոր:

Աղվոր ես, չունիս խալաթ,
Քու ամեն տեղդ է պեխալատ, օրոր:
Դուն ալ խալաթ բան մ’ունիս,
Քուն չունիս, արթուն կու կենաս, օրոր:

խալաթ (կամ՝ ղալաթ) – վատ, սխալ
պեխալատ (բեղալաթ) – առանց սխալի, առանց վատ կողմի

Հայ ժողովրդական օրորոցային երգ է՝ ավանդված Ակնա հայությունից: Երգում է Հասմիկ Պապյանը: Դաշնամուրով նվագակցում է Վարդան Մամիկոնյանը: Մշակումը՝ Կոմիտասի:

1907-ին Կոմիտասը Փարիզում մշակում է այս «Օրորը»՝ որպես մեներգ, դաշնամուրի նվագակցությամբ: Երևում է՝ երգը գրավել է անգամ օտարների ուշադրությունը, և Կոմիտասն աշխատել է նրանց ծանոթացնել իր կազմած Ակնա երգերի ժողովածուի` «Շար Ակնա»-յի մի քանի այլ նմուշների ևս: «Ակնա օրորի» լեզվի հիմքում միջին հայերենն է՝ մի քանի լեզվական ավելի նոր՝ Ակնի բարբառի ուշ միջնադարյան ձևերով, ու մի երկու օտար բառերով։ Դրանց ոտանավորների ձևն ընդհանրապես հին է, հայրենների չափի շատ շոշափելի մնացորդներով։

Երգում մայրն իր նորածին մանկանը դիմելով ասում է, որ նա շատ լավն է, չունի ոչ մի վատ կողմ, և ինքը մտածում է, թե ում բերի փոքրիկի մոտ, որ նրա նման կատարյալ լինի:

Եվ որոշում է լուսնյակին բերի օրորոցի մոտ, որը նույնպես, իրեն շրջապատող աստղերի հետ չունի ոչ մի վատ կողմ:

Հաջորդ քառատողում դարձյալ ջահել մայրը գովում է իր մանկանը, որն ամեն ինչով լավն է, միայն մեկ վատ կողմ ունի՝ չի քնում, արթուն է մնում՝ ցերեկվա աշխատանքից հոգնած մորը նույնպես ստիպելով արթուն մնալ ողջ գիշերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում