«Ամենայն ինչ հնարավոր է այն մարդու համար, ով որ՝ հավատա». Նարեկից

ԲԱՆ Ժ

Ա
Եվ արդ, քանի որ, թե զղջումն ուժգին և թե մեղանչելը մոլեգնորեն՝ միանման են մատնում կորստյան, քանի որ սրանք, թեպետ օտար են միմյանց այնքան, անգամ հակառա՛կ, սակայն ունեն այլ մի նմանություն՝ ծնունդ են դառնում նո՛ւյն վհատության: Թե զղջումն ուժգին և թե մեղանչե՛լը մոլեգնորեն. քանի որ մեկը ձեռքն է Հզորի թերահավատում՝ համարելով այն ապիկա՛ր, պատժո՛ղ, անզո՛ր փրկելու, իսկ մյուսն ահա՝ մի չորքոտանի կճղակավորի հար նմանությամբ, անզգայորե՜ն՝ հույսի պարանն է ձգելով կտրում, և որի համար, առաջին դեպքում, փաղաքշելով քաջալերում է, խնդում սատանան, իսկ երկրորդ դեպքում, դժոխորովայն գազանի նման, որպես կերակուր՝ պարարտանում է արյան լափլիզմամբ:

Բ
Եվ արդ, ինքըս ինձ մահակի փոխան գերանի բազում հարվածներ տալով, մահվան ափն հասած, շունչն իմ փոքր ինչ վերադարձավ ինձ և եղա այդժամ հոգի՛ կենդանի, և կազդուրվեցի, պատսպարվեցի ու ելա՛ ոտքի, անկենդանության իմ կորստից կրկին հարությո՛ւն առա՝ օժանդակությամբ Քրիստոս Աստծո գթառատ ձեռքի, որ ամենքի՛ն է ողորմած, երբ որ՝ դիմում են Իրեն խոստովանությա՛մբ, և Բարերա՛րն է Երկնավոր Հորից ուղարկված աշխարհ, որ Իր փրկությամբ և բժշկությամբ դարձնի ինձ բերրի՛, ինձ՝ մեղանչածիս և ախտացյալիս և մահացածիս՝ կրկի՛ն կյանք տալով:

Եվ սկսելով ողբերգությունն այս աղերսանքների, ես կառուցեցի հավատի մի շենք, որովհետև որ նախահայրերից մեկը հար նման իմ վիճակներին, այս իմ զենքերով ինքն իրեն զինած՝ իսկո՛ւյն փոխվեց և արժանի՛ դարձավ վերն անմահության կյանքի վիճակին, ապաշխարությո՛ւնն իր դարձնելով դեղ, և զղջո՛ւմն իր մեծ, դարձնելով արդեն վստա՛հ մի թոշակ, և գրավականն իր անեղծության՝ այստե՛ղ ժառանգեց, դեռ երկրի՛ վրա: Աստծուն դիմելու այս եղանակը ավելին է, քան՝ պսա՛կը նրանց, որոնց մասին է առաքյալը մի օրինակ բերում, թե. «Հանդեսի մեջ ովքեր երկրում մրցանակ տարան օրենքի դժվար կատարումներով՝ Երկնավոր Լույսին, Ապագայի՛ն էր, որ հավատացին, և անտեսեցին աշխարհը անցնող ու փարթամացան կյանքի՛ ճոխությամբ»:

Գ
Եվ ով՝ մինչ մահ է մեղքի մեջ ընկել, և ով կրկին է բռնվել դիվաց մետաղյա ցանցում, և ով սուզվել է անդունդը չարյաց, կյանքի փրկության նշույլն այս ունի՝ որ քավությա՛ն ելք գտնի սրանով, ինչպես որ բազում պարտքեր ունեցողն՝ աչքի անձրևով՝ Ամենակալիդ գթության առաջ, որով կրկին է երկիրը աճում ու բարգավաճում՝ Աստծո Սուրբ Հոգուն իր նվիրվելով՝ ամենահրաշ ծաղկավետությամբ: Իսկ մենք Տէրունի պաշտելի Բանի ասելիքն հիշենք որպես խրախույս, թե ամենայն ինչ հնարավո՛ր է այն մարդու համար, ով որ՝ հավատա՛, մի բան, որ չափն է և ընտրյալների բարեմասնության՝ և երբ որ մենք էլ Աստծուն հաճելի մարդկանց վարքերն ենք դիտում քննարկում, նրանք մոտեցան սրբություններին՝ հավա՛տ հագնելով:

Եվ ո՛չ էլ անգամ Տէրը փառքերի, երբ որ տեսնում էր, թե հավատ չունեն, յուրայինների շրջապատո՛ւմ էլ հրաշք չգործեց, այլ Նա նախօրո՛ք յուրաքանչյուրիս խնդրեց հավատո՛վ լծակից լինել, որ բարերարումն Իր երկնահամ՝ մեզ համար գործի՝ մե՛ր իսկ հավատով: Ուստի զորու է հավատն ընձեռել և կյա՛նք և շնո՛րհ՝ միացած Աստծո ներկայության հետ, և հավատն այսպես՝ ինքնիշխան է իր բավարարումով, որովհետև որ՝ հա՜ր օրհնաբանյալ Աստծո Բերանը մեզ ա՛յս վկայեց. «Հենց քո՛ հավատն է ապրեցնողը քեզ»:

Դ
Քանզի արդարև տեսությունն հստակ, իմաստությունը կատարելության և ընտանության գիրկն ընդունվելը, մտնելն Աստծո Տան արդարության մեջ, ծանոթությունը Բարձրյալի հետ՝ հավատի մաս են միասին կազմում՝ դարձնելով մարդուն և թե՛ երջանիկ, թե՛ ընտրյալ անուն, հավերժությանը ձգել մղելով՝ պարգև են բերում անվթար մի կյանք, ազատում՝ փակող սահմանումներից՝ պատվականակից դարձնելով նրան՝ սիրոն և հույսին: Որովհետև, թե՝ ամենափոքր սերմնահատիկի, մանանեխի չափ պզտիկ հավատ էլ մարդը ունենա, փոքր այդ հավատով՝ հսկա լեռնե՛րն էլ կարող է շարժել ու նետե՛լ անգամ խորքերը ծովի, ապա հիրավի պիտի ընդունենք՝ հավատը որպես սկզբնաշավիղ կյանքի առաջնորդ, որն և աներկմի՛տ պաշտոն է մարդուն՝ Տէ՛ր Աստծո առաջ, հավատով է, որ լինելիքները և այն ամենը՝ ինչ ծածուկում են՝ աներկբայորեն մարդը տեսնում է հոգո՛ւ աչքերով, և Երրորդության փառաբանելի անվամբ է պատվված Հավատքը ինքնին, և դասվում է նա Սիրո՛ և Հույսի՛ ընտրանի շարքում: Որովհետև, թե՝ ընտրյալ երեքն այս միաբանված նույն խորհրդում դիտես, դրանցով պիտի հավիտենապե՛ս աճես մեծանաս քո Աստծու առջև, որովհետև որ, եթե դու Նրան հավատաս, այդժամ՝ կսիրե՛ս Նրան, որով էլ արդեն դու հույս կունենաս ա՛յն աներևույթ լի պարգևներին, որ՝ Նրանի՛ց են շնորհումներ քեզ: Այդ Նրա՛նն է փառքն հավիտենական: Ամէ՛ն:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում