Ամենայն Հայոց Կաթողիկոսը hովվապետական այցով ժամանեց Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո

Հոկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը հովվապետական այցով ժամանեց Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո: Սկզբնաղբյուր՝ armenianchurch.org․ 

Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ Եկեղեցու արքեպիսկոպոս Ջորջ Աբի Յունեսը, Մեքսիկայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, հայ համայնքի անդամներ։

Օդանավակայանից Նորին Սրբությունն ուղևորվեց ՀՀ դեսպանատուն, հանդիպում ունեցավ դեսպանատան աշխատակիցների հետ։ Այնուհետև Հայոց Հայրապետն այցելեց Գուադալուպեի եկեղեցի, որտեղ տեղի հոգևորականների հետ աղոթք բարձրացվեց առ Աստված։ Նորին Սրբությունը հանդիպեց նաև Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսեռային։

Այնուհետև Մեխիկոյի կաթոլիկ Մայր Տաճարում տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք, որին ներկա էին Մեքսիկայի կարդինալ Նորբերտո Ռիվերա Կառեռան, պապական նվիրակը, քույր Եկեղեցիների և պետական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ: Արարողության ընթացքում քառաձայն գեղեցիկ երգեցողությամբ հանդես եկավ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց եկեղեցու երգչախումբը։ Նորին Սրբությունը հանդես եկավ պատգամով՝ Հայրապետական իր օրհնությունն ու ողջույնը բերելով ներկաներին և ցավ հայտնեց վերջերս Մեխիկոյին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. «Հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ. ԺԲ 12): Որպես հոգևոր դարման և սփոփանք մեր առջև ծառացող ամեն մարտահրավերի ու դժվարության հաղթահարման` Ս. Պողոս առաքյալի այս խոսքերն ենք փոխանցում ձեզ` կյանքը լուսավորելու տերունապարգև հույսով և օրհնությամբ: Մեր ժողովուրդը ևս կրել է աղետալի երկրաշարժի պատուհասած ցավը` 1988 թ.: Այդ օրերի դառնությունը տակավին չի ջնջվել մեր ժողովրդի հիշողությունից, սակայն հայրենի մեր երկիրը և մեր կյանքը վերականգնված տեսնելու վճռականությունը, մեզ օգնության հասած բարեսեր մարդկանց, մարդասիրական կազմակերպությանց և բարեկամ երկրների պարզած օգնության ձեռքը, դրսևորած սերն ու կարեկցանքը, հոգևոր մխիթարությունն ու քաջալերությունը մեզ համակեց լավատեսությամբ, լցրեց զորությամբ` համբերությամբ ու աղոթքով լցվելու նոր կյանքի կերտմանը:

Սիրելիներ, հայ ժողովրդի այս վկայությունն ենք կամենում փոխանցել ձեզ. մի ժողովուրդ, որի կյանքը պատմության արահետներում, հակառակ անհամար փորձությունների, դժվարությունների, որոգայթների և կոտորածների, միշտ էլ եղավ հարության, առ Աստված ապավինության և վերաշինության պատմություն:

Առ Աստված հավատքով և քրիստոնեական առաքինությանց նկատմամբ ամենայն նախանձախնդրությամբ Մեքսիկայի ժողովուրդը, որի անքակտելի մասն է կազմում նաև մեր հայ համայնքը, այսօր նույնպես աղետի հետևանքները վերացնելու գործին լցված է հույսով, զոհվածների հարազատներին սփոփելու և վիրավորներին դարմանելու ծանր առաքելության մեջ զինված է աղոթքով ու համբերությամբ` հաղթահարելու Մեքսիկայի պատմության մեջ դժվարին այս փորձությունը:

Մեր մաղթանքն է, որ Տերն Իր ամենազոր Աջի ներքո պահի Մեքսիկայի Կաթոլիկ Եկեղեցին, զորացնի բարեջան հոգևոր սպասավորներին երկնավոր Վարդապետի կողմից իրենց վստահված կոչման մեջ` անսպառ սիրով ու կարեկցությամբ, հոգևոր մխիթարությամբ և հույսով սփոփելու համար Մեխիկոյի աստվածասեր ժողովրդին, դարմանելու աղետալի երկրաշարժի հետևանքով պատճառված հոգևոր, բարոյական ու նյութական վնասները»: Հայոց Հայրապետը քաջալերություն ու մխիթարություն մաղթեց Մեքսիկայի ժողովրդին և աղոթեց զոհվածների հոգիների հանգստության համար:

Արարողությունից հետո Նորին Սրբությունն այցելեց Մեխիկոյի «Հիշողության և հանդուրժողականության թանգարան», որտեղ ներկայացված են 20-րդ դարի ցեղասպանությունների, այդ թվում և Հայոց Ցեղասպանության մասին պատմող ցուցանմուշներ: Թանգարանի հանդիսությունների սրահում ընդունելություն էր կազմակերպվել Մեխիկոյի հայ համայնքի կողմից։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ դեսպան Արա Այվազյանը, քաղաքային իշխանությունների և քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ։ Բարիգալստյան խոսք ասաց ՀՀ դեսպանը։ Համայնքի անդամները հանդես եկան ողջույնի խոսքերով՝ իրենց խանդավառությունն ու ուրախությունը հայտնելով Վեհափառ Հայրապետի այցելության առիթով։ Նորին Սրբությունը ողջունեց այս հանդիպմանը քույր Եկեղեցիների ներկայացուցիչների, պետական այրերի ներկայությունը, իր օրհնությունը բերեց հայ համայնքին՝ արտահայտելով իր ուրախությունն ու ջերմ տպավորությունները այցելության առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց մեքսիկահայ հայորդիներին հաստատուն մնալ իրենց եկեղեցանվիրման ու ազգանվիրման առաքելության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում