Ֆրանսիական մոդելային գործակալության ղեկավարը գողացել է երգիչ Ժոռ Դիլբարյանի տեսահոլովակը. մանրամասնում է երգչի պրոդյուսերը

Երգիչ Ժոռ Դիլբարյանի «Իմ արևը դու ես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի մեջ նկարահանվելու համար հատուկ Հայաստան էր հրավիրվել եվրոպական մոդելային գործակալություններից մեկի առաջնակարգ մոդել Քեյթ Ավրաամչիկովան, օրերս գողացվել է: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է:

«Տեսահոլովակից վերցրել են մոդելի մասնակցությամբ հատվածները, կցել են ոչ այնքան հայտնի դիջեյի ստեղծագործություն ու տեղադրել իրենց յութուբյան էջում: Այստեղ գրանցված են 300-400 հազար մարդ, բավական լուրջ տիրույթ է, մեզ զարմացնում ու հետաքրքրում էր՝ արդյոք չեն տեսել օրիգինալը: Մենք իրենց նամակ գրեցինք, որին ի պատասխան՝ ասացին, որ իրենց նման իրավունք տվել է Թիերիի Քասթարդը, ով Ֆրանսիայում մոդելային բիզնեսով է զբաղվում: Նա էլ հենց մեր տեսահոլովակը վերցրել, հեռացել է Ժոռ Դիլբարյանի հատվածները՝ պահպանելով միայն Քեյթի կադրերը, ու որպես գովազդ տեղադրել իր պաշտոնական էջում՝ նշելով, որ Քեյթ Ավրաամչիկովան իր մոդելն է: Երրորդ կողմը նրանից ձեռք է բերել այս մասնատված հոլովակը՝ պայմանով, որ, իբր հեղինակ, տակն իր անունը գրվի: Նաև սև ու սպիտակ են դարձրել», – Aysor.am-ին տեղեկացրեց Ժոռ Դիլբարյանի պրոդյուսեր Արամ Սուջյանը:

Պրոդյուսերը կապ է հաստատել ֆրանսիացու հետ, ով բավական կոպիտ պատասխաններ է տվել` պատճառաբանելով, թե մոդելն է իրեն իրավունք տվել: Հետագայում պարզվել է, որ այս պատճառաբանությունն արդարացված չէ, սուտ է:

«Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք նա այդ կադրերը տրամադրելու համար գումար է վերցրել, պարզվեց՝ բավարարվել է միայն իր անունը գրելու պահանջով, որպեսզի իր մոդելային գործակալությունը գովազդվի: Ի դեպ, հետաքրքրվեցի, նա իր կարիերայում բավականին լուրջ մարդ է, բայց որպես անձնավորություն՝ այնքան էլ հաջող չէ», – նշեց մեր զրուցակիցը:

Արամ Սուջյանի նամակի հիման վրա յութուբից և ինտերնետային մյուս տիրույթներից հեռացվել է գողացված հոլովակը, սակայն նրա իսկ խոսքերով՝ նման ևս մեկ խախտման դեպքում դատի կտան մոդելային այն գործակալությանը, որի մոդելն է Քեյթ Ավրաամչիկովան:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում