«Արցախի պատկերով կտորներ են արտադրվում Թուրքիայում ու բերվում Հայաստան»

Դիզայներ Արփինե Մաթեւոսյանը դրանց ծագումը կասկածելի է համարում

«Հայերիս մոտ մի էսպիսի բան կա. եթե մեկը մի բան ունի, մյուսն էլ է ուզում նույնից ունենալ: Ես, օրինակ, վզնոցներ էի պատրաստել, որոնց զարդանախշերը նույնն էին, գույները` տարբեր, բայց գնորդը կոնկրետ նույն երանգն էր ուզում, ես էլ էդ երանգը պատահաբար էի ստացել: Ու նորից տանջվում ես, չի ստացվում, վերջում էլ կամ որոշում են ուրիշ գույնովն առնել, կամ էլ չեն առնում»,- ժպտալով պատմում է դիզայներ Արփինեն, ով ձեռագործ իրերի իր արտադրանքն անվանել է «Արեւածաղիկ»:

Դեկորատիվ կիրառական արվեստն ուսումնասիրելու արդյունքում (սովորել է ՀՊՄՀ գեղարվեստական կրթության բաժնում) հիմնականում պատրաստում է զարդեր ու զարդատուփեր: Ասում է` հենդմեյդ (ձեռագործ) ապրանքների մեջ դեկորացիան այնքան կարեւոր չէ, որքան դրա կիրառելիությունը. «Ըստ իս, դեկորատիվ իրերը շատ չեն վաճառվում: Ես մի ծաղկաման էի պատրաստել, որը բավականին մեծ է, առօրյայում օգտագործելու համար չէ: Կարող եմ ասել, որ էդպիսի իրերը համեմատաբար քիչ են սպառվում»: Կավով աշխատել սովորել է հայրենի գյուղում` Արենիում, երբ դեռ ուսանող էր: Առաջին փորձը եղել է աղաման պատրաստելը:

Արփինեի համոզմամբ` ձեռագործ իրեր պատրաստելը եւ՛ ստեծագործական ընթացք է, եւ՛ բիզնես. ի վերջո գործի ես դնում ողջ էներգիադ ու ժամանակդ: Մի անգամ փորձել է Վերնիսաժում իր աշխատանքները վաճառել, սակայն հաջողության չի հասել. «Մի քանի օր գնացի, եկա, զգացի, որ առեւտրականի հոգեբանությունն իմը չէ: Էդպես էլ չկարողացա էդտեղ հաստատվել»: Այսօր վաճառք հիմնականում իրականացնում է Facebook-ի միջոցով` գրանցելով շաբաթական 2-3 պատվեր: Գնորդների մասին խոսելիս նշում է, որ մի մասը նախընտրում է, որ զարդն ունենա հավասար կողմեր, մի մասն էլ անհամաչափության սիրահար է. «Իսկական հենդմեյդ ասվածը հենց էդ ծռության, անհավասարության մեջ է, ու եթե իսկապես ձեռագործ իրերի սիրահար ես, նախընտրում ես, որ զարդդ լինի էդպիսին»:

Արփինեի խոսքով` վերջին շրջանում ձեռագործ իրերը լայնորեն տարածվել են, սակայն որակը ոչ միշտ է երաշխավորվում. «Զգացել եմ, որ որակը հաճախ էդքան էլ լավը չէ:

Մեծամասամբ, կոպիտ ասած, չինական նյութերով իրար կպցրած զարդեր են: Դա չէ իսկական հենդմեյդը»: Հայաստանյան շուկայում դիզայների համար ամենացավալին օտար մշակույթը որպես հայկական ներկայացնելու միտումն է: Շատ է նկատում այնպիսի իրեր, որոնց վրա թուրքական զարդանախշեր են պատկերված:

Թեպետ դրանք երբեմն որոշակի նմանություններ ունեն հայկականների հետ, սակայն ծագումը մնում է թուրքական. «Գույնը հիմնականում լինում է մուգ կարմիր, Թուրքիայից բերված կտորներ են, որոնց վրա թուրքական զարդանախշեր են պատկերում ու փորձում են օգտագործել հայկական տարազի մեջ: Ախր դա հայկական չէ, տարազի անվան տակ վաճառում են օտարերկրացուն:

Ինձ թվում է` դա ամենավատ բանն է, երբ ուրիշի զարդանախշերը ներկայացնում ես որպես քոնը»: Պատմում է, որ որոշ խանութներում տեսել է Արցախի` «Մենք ենք, մեր սարերը» տուֆե քանդակի (առավել հայտնի է որպես «Այան ու Ապան») պատկերով կտորներ, որոնց ծագումը կասկածելի է համարում. «Պատճառն այն է, որ երբ այդ խանութներում հարցրի, ասացին, որ դրանք արտադրվում են Թուրքիայում, էդտեղից էլ բերվում Հայաստան»:

Արփինեն հիմա կավե զարդերից բացի, պատրաստում է նաեւ կարպետով ու կտորով պայուսակներ, էկո պայուսակներ, որոնք նախատեսված են առօրյայում կիրառելու, գնումներ կատարելու համար:

ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում