Պետք է արժանի թեկնածու լինի. Ո՞վ կփոխարինի Ալեքսանդր Գրիգորյանին Ստանիսլավսկու անվան թատրոնում

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մի քանի օրվա ընդմիջումից հետո այսօր կրկին անցել է իր բնականոն աշխատանքին, սակայն՝ առանց գեղարվեստական ղեկավարի: Կես դարից ավելի ղեկավարվելով Ալեքսանդր Գրիգորյանի կողմից` Հայաստանի միակ ռուսական թատրոնն այսօր լուրջ խնդրի առջև է կանգնել՝ ո՞վ կարող է փոխարինել նախկին գեղարվեստական ղեկավարին:

«Ներկա պահին մեր թատրոնը պրեմիերայի շեմին է, նաև պատրաստվում ենք «Հայաստանի օրերը Ռուսաստանում» ծրագրի շրջանակներում հյուրախաղերի մեկնել:

Այժմ միայն այդ ծրագրերն ապահովող աշխատանքների վրա ենք կենտրոնացել, որից հետո նոր կմտածենք նշանակման մասին», – Aysor.am-ի հետ զրույցում նկատեց թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:

Ի դեպ, կարևոր այս որոշման պատասխանատվությունն իր ուսերին է կրելու թատերական կոլեկտիվն ու թատրոնի ղեկավար կազմը, քանի որ, ըստ կանոնակարգի, թատրոնների գեղարվեստական ղեկավարների և գլխավոր ռեժիսորների նշանակումը մշակույթի նախարարության խնդիրը չէ։ Նախարարությունը մրցույթով նշանակում և ազատում է միայն թատրոնների տնօրեններին։

Ֆրեդ Դավթյանը դեռևս խուսափեց անուններ ու ժամկետներ նշել՝ խոստովանելով՝ որոշումը միակողմանի չպետք է լինի, սա ռուսական թատրոն է ու պետք է հասկանալ առանձնահատկությունները:

«Խորհրդի ու նախարարի մասնակցությամբ պետք է քննարկենք, որոշում կայացնենք: Պետք է արժանի թեկնածու լինի: Իմ կարծիքով, այսօրվա օրով մեր հանրապետությունում Ալեքսանդր Սամսոնիչին համարժեք փոխարինող հազիվ թե գտնվի: Այս հարցը համատեղ խորը քննարկման անհրաժեշտություն ունի», – եզրափակեց տնօրենը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում