Հուսով եմ՝ կգա այն ժամանակը, երբ բարձրակարգ երաժշտություն մատուցելով էլ երգիչները ճանաչում, սեր ու գումար ձեռք կբերեն. Ռուսլան

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի երգի պետական թատրոնում տեղի կունենա Ռուսլանի մենահամերգը: Ի դեպ, երիտասարդ երգիչը հանրությանն առավել հայտնի դարձավ «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքի կատարմամբ, որը զուգերգ էր Արթուր Գրիգորյանի հետ: Երկու ժամ տևողությամբ համերգի ընթացքում հնչելու է 22 երգ:

«Սա իմ երկրորդ մենահամերգն է: Ծրագրի բացումն անելու ենք 2009 թվականին կատարած իմ առաջին ձայնագրությամբ: Միշտ եմ իմ համերգներն այդ երգով սկսում: Իսկ այն կատարումը, որով կեզրափակենք համերգը, առաջին անգամ է հնչելու: Երգն իմ ծննդավայրի մասին է, կոչվում է «Իմ Ջավախք»», – Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսլանը: 

Յուրաքանչյուր կառույց իր կանոններն ունի: Հարցին՝ կա՞ն կանոններ, արգելքներ, որոնցով պարտավոր են առաջնորդվել Երգի պետական թատրոնի սաները, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Անկեղծ ասած՝ սան ասվածը բոլորը խառնում են: Այստեղի սաներն այն երեխաներն են, ովքեր սովորում են այս թատրոնի դպրոց-ստուդիայում: Իսկ ես Երգի թատրոնի մենակատար եմ: Այստեղ չեմ սովորել, թատրոն ընդունվելու ժամանակ արդեն իսկ Կոնսերվատորիայի ուսանող էի: Ինչ վերաբերում է արգելքներին՝ խստիվ արգելվում է թատրոնի ներսում վատ երաժշտություն հնչեցնելը: Նման բան անողը խիստ նկատողության է արժանանում»:

Երգիչը խոստովանեց՝ թեև մտածում է առավել մեծ մենահամերգի մասին, սակայն գիտակցում է՝ դեռ ժամանակը չէ.

«Շատ եմ ուզում նման մենահամերգ ունենալ, բայց դեռ անելու շատ բան կա: Իմ երգերն այնքան շատ չեն, ու այնքան հայտնի չեմ, որ կարողանամ հանդիսատեսի առկայությունը մեծ սրահում ապահովել: Դեռ իմ վրա աշխատելու տեղ ունեմ: Բայց մի օր անպայման նման մենահամերգ կունենամ»:

Ռուսլանն այսօր շաբաթվա 3-4 օրը աշխատում է «Saf» ակումբում, և դա նրան լիովին բավարարում է: Նկատում է՝ լավ կլիներ, որ անհրաժեշտ եկամուտն ապահովեր լավ երաժշտությամբ և ոչ թե ակումբային աշխատանքով, բայց դա Հայաստանում կամ անհնար է, կամ՝ քչերին է հաջողվում:

«Հուսով եմ՝ կգա այն ժամանակը, երբ բարձրակարգ երաժշտություն մատուցելով էլ երգիչները ճանաչում, սեր ու գումար ձեռք կբերեն: Հանդիսատեսն էլ ավելի ճաշակով կդառնա ու կպահանջի գրագետ կատարումներ», – եզրափակեց երգիչը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում