Նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային

Այսօր Երևանի պատմության թանգարանում, Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել հինգ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Հայփոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը՝ պատկերված եռաչափ ցուցասրահի խորապատկերին:

Հինգ նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի գաղափարը պատկանում է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Աննա Աբգարյանը և Հարություն Սամուելյանը:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Թողարկման օրը` 07 նոյեմբերի 2017թ.
Գաղափարը՝ Խուան Պաբլո Գեչիջյան
Դիզայնը՝ Աննա Աբգարյան, Հարություն Սամուելյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 29,0 x 35,0 մմ
43,0 x 45,5 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 244,0 x 94,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում