Հայաստանում կբացվի առաջին կինոթանգարանը. Հայտնի են նախաձեռնողները

Հայաստանի կինոգործիչների միությունում երեկ տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայանի և միության նախագահ Հարություն Խաչատրյանի հանիդիպումը՝ վերջինիս նախաձեռնությամբ: Մեկ ու կես ժամ տևողությամբ հանդիպման հիմնական թեման կինոթանգարան ստեղծելու գաղափարն էր:

«Տարիներ առաջ հենց Հարություն Խաչատրյանն է նման առաջարկով հանդես եկել, դիմել է մշակույթի նախկին նախարարին, սակայն արձագանք չի ստացել: Տեսնելով, որ ես էլ եմ հետաքրքրված նմանատիպ թանգարանի ստեղծմամբ, ինձ հրավիրեց՝ քննարկելու ու գաղափարը միասին կյանքի կոչելու: Հարություն Խաչատրյանը հետևողական է «Հայֆիլմի վերածնունդ»-ի քայլերին և գտնում է, որ պետք է համատեղ ուժերով ստեղծենք այդ կինոթանգարանը: Ոգևորությունն առկա էր թե՛ ինձ, թե՛ իր, թե՛ միության մյուս անդամների մոտ»,- Aysor.am-ի տեղեկացրեց Հայկ Բաբայանը:

Երիտասարդ ռեժիսորը ժամկետներ նշել դժվարացավ, սակայն վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում կինոթանգարանն իրականություն կլինի: Հավանաբար, այն կգործի Կինոմիության շենքում: Հարցին, թե ի՞նչ արխիվ կունենա էկրանային այս պահոցը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ բացի հայֆիլմի ռեկվիզիտներից այնտեղ տիկնիկների տեսքով ներկայացվեն հայկական կինոյի մեջ մեծ ավանդ ունեցող մարդկանց տիկնիկները, ինչը թանգարանի նկատմամբ հետաքրքրություն կառաջացնի նաև երեխաների մոտ: Նրանց չի հետաքրքրի գալ և տեսնել այս կամ այն արվեստագետի կոստյումը:

Այդ շարքում կարող են լինել Համո Բեկնազարյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Մհեր Մկրտչյանի և շատերի, այդ թվում՝ մերօրյա գործիչների տիկնիկները: Նաև պետք է ամենահայտնի մուլտֆիլմերը ներկայացվեն: Նորագույն տեխնիկան այստեղ պետք է արդիական լինի. հայտնի մարդու նկարի մոտ նկարվելիս կերպարը, նկարը պետք է շարժվի, խոսի… Սա այն է, ինչ ես եմ պատկերացնում՝ սովետական ստանդարտներից զերծ թանգարան: Հուսով եմ՝ մեր աշխատասիրության շնորհիվ այդ թանգարանը կդառնա կինոսերների ամենասիրելի վայրերից մեկը»:

Հանդիպմանը հաջորդած տարածքի ուսումնասիրության ընթացքում Հ. Բաբայանը նկատել է՝ միության ներսում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. փոխվելու են կինոդահլիճի աթոռները, մինիմալ ծախսերով շենքը կարգի է բերվելու:

«Սովետական փոշին, վերջապես, դուրս է գալիս այնտեղից: Ես այս բոլոր փոփոխություններն, այդ թվում՝ համագործակցությունը, կապում եմ Հարություն Խաչատրյանի անձի հետ: Չեմ պատկերացնում, որ մեկ այլ նախագահի հետ համագործակցության այսպիսի հնարավորություն լիներ: Այժմ մենք, համախմբված, մեկս մյուսին աջակցելով ու ձեռք մեկնելով, աշխատելու ենք», – եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում