Պրիմիտիվ սյուժե ու երկխոսություն չէ, որը ֆիլմն ուղղակի «խնդալու ու հռհռալու» կինո կդարձնի. Արծրուն Չոբանյանը՝ նոր կինոկատակերգության մասին

Պրիմիտիվ սյուժե ու երկխոսություն չէ, որը ֆիլմն ուղղակի «խնդալու ու հռհռալու» կինո կդարձնի. Արծրուն Չոբանյանը՝ նոր կինոկատակերգության մասին

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ «Լյուդվիգ անունով ոզնին» կինոկատակերգության նկարահանման ընթացքի մասին Aysor.am-ն արդեն տեղեկացվել է: Ֆիլմում նկարահանվում են ինչպես արդեն ճանաչում ձեռք բերած դերասաններ, այդպես էլ՝ սկսնակներ, որոնց համար էկրանային այս աշխատանքը դեբյուտային է լինելու: Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի մոտեցումն է՝ «հայտնաբերել» ու հանրությանը ներկայացնել նոր ու տաղանդավոր անուններ:

Դերասան Արծրուն Չոբանյանն, ով հեռուստադիտողին ծանոթ է դեռ «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմից, ընդգրկված է նաև Մ. Մկրտչյանի նոր կատակերգությունում: Մարմնավորելու է գլխավոր հերոսներից Կարենին:

«Կարենը դերասան է, ով այսօրվա շատ դերասանների նման ինստիտուտն ավարտելուց հետո մասնագիտական գործ չգտնելով՝ տարբեր վայրերում է աշխատում: Կերպարս պատահական հրավեր է ստանում՝ ֆիլմում նկարահանվելու համար քասթինգի մասնակցելու, ու մասնակցում է… Սա լիրիկական կատակերգություն է, որը պատմում է, թե ինչպե՞ս կարող է պատահական կամ ոչ պատահական հանդիպումը մարդու կյանքում մեծ փոփոխություններ մտցնել», – մեզ հետ զրույցում մանրամասնեց դերասանը:

Այս ֆիլմում Արծրուն Չոբանյանի հիմնական խաղընկերներն են Սամվել Թոփալյանը, Անի Ղազարյանն ու Ժան Նշանյանը: Նկարահանվել են նաև Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը, Գուրգեն Սարգսյանը, Քրիստինա Հովակիմյանը և այլք:

Ի դեպ, «Լյուդվիգ անունով ոզնին» վերնագիրը պայմանական է ընտրված՝ ֆիլմում իր դերակատարությունն ունեցող ոզնու անունով:

«Չգիտեմ՝ կփոխվի վերնագիրը, թե ոչ, բայց եթե այսպես էլ մնա, ապա հանդիսատեսը միայն նայելուց հետո կհասկանա, թե ինչու է այդպես կոչվել», – նշեց նա:

Անդրադառնալով քիչ թե շատ տարածված այն կարծիքին, թե Մհեր Մկրտչյանի հետ աշխատելը բավական բարդ է, նկատեց.

«Ես էլ եմ նման դժվարությունների մասին լսել, բայց պետք է խոստավանեմ, որ թեև սա մեր երրորդ համագործակցությունն է, բայց ես բոլորովին բարդություն չեմ ունեցել: Ինձ համար իր հետ աշխատելը շատ հետաքրքիր է, դերասանին «բացում» է, օգնում՝ առավել պրոֆեսիոնալ լինել»:

Երիտասարդ դերասանը վստահ է՝ այս ֆիլմը կառանձնանա դաշտում եղած մյուս կատակերգություններից, քանի որ շերտերը բազմազան են թե՛ սցենարական տեսանկյունից, թե՛ սյուժետային:

«Պրիմիտիվ սյուժե ու երկխոսություն չէ, որը ֆիլմն ուղղակի «խնդալու ու հռհռալու» կինո կդարձնի: Կարծում եմ՝ սա մի այլ որակ է բերելու», – Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արծրուն Չոբանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում