«Ես բնության հանդեպ հավատացյալ եմ»․ Հրանտ Թադևոսյան

«Ես բնության հանդեպ հավատացյալ եմ»․ Հրանտ Թադևոսյան

Հայաստանի բնության պետական թանգարանը նշում է ծննդյան 65 ամյակը: Նոյեմբերի 10-ին թանգարանում տեղի ունեցավ Հրանտ Թադևոսյանի՝ Թաթոսի՝ «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով ցուցահանդեսը:

Այն ուղեկցվեց ՀՀ բնապահպանության փոխնախարարի, նկարչի և թանգարանի անձնակազմի ողջույնի խոսքերով և Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաների պարային ելույթներով։

Վարպետի խոսքերով թանգարանում ցուցահանդես անելու միտք վաղուց կար, և որոշեց թանգարանի ծննդյան օրն էլ ներկայացնել այն: «Ներկայացրել եմ այն գործերը, որոնք բնությունից վերցրած կտորներ ու պատառիկներ են։ Սկզբից պետք է քեզանով անես բնության մի հատված և հետո նոր սկսես աշխատել»,- պարզաբանեց նկարիչը:

Նա նաև նշեց, որ ոչ մի նկար հենց այնպես արված չի: «Հայաստանի որ մաս էլ գնաս, նկարելու բան կա: Ես ամեն օր հասցնում եմ և նկարել, և ցախ հավաքել, և խորոված անել, մի բաժակ էլ խմել ու ինքս ինձ շնորհավորել՝ օրը լիարժեք կերպով ավարտելու համար»,-պատմեց նկարիչը և հավելեց, որ նկարները որևէ ենթատեքստ չունեն, ուզում է՝այցելուները յուրովի ընկալեն այն:

«Ես բնության հանդեպ հավատացյալ եմ , ավելի շատ եմ հավատում, քան հավատացյալը՝ աստծուն»,-ավելացրեց նա:

ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը Aravot-ի հետ զրույցում նշեց, որ վարպետի աշխատանքներին ծանոթ է եղել դեռ վաղուց, բայց ցուցահանդեսային ձևաչափով սա առաջին անգամն էր: «Տպավորված եմ , ցուցահանդեսը խորհրդանշական է , որովհետև նկարները բացի էսթետիկ հաճույքից կարող են դաստիարակչական մեծ նշանակություն ունենալ, ոչ միայն գեղեցկություն կարող են քարոզել, այլ նաև սեր բնության ու բնաշխարհի նկատմամբ»:

Փոխնախարարի խոսքերով նկարչի աշխատանքները գունային և բնությունը ընկալելու յուրատիպ մոտեցումով միանշանակ տարբերվում են.«Ես պրոֆեսիոնալ չեմ, բայց կատարողական առումով նկարները ինձ համար կատարելությանը մոտ են։ Եվ ներկայացրած գույները , և այն տեսանկյունը, որից ներկայացնում է բնությունը, շատ հոգեհարազատ է : Կարծում եմ՝ գույների կոնտրաստը շատ արտահայտիչ է»։ Անդրադառնալով բնության թանգարանին՝ փոխնախարարը խոսեց հետագայում սպասվող պլանների մասին. «Ամենակարևոր մարտահրավերը, որ մենք ունենք, դա Այ Թի(IT) լուծումներով և նոր կոնցեպտով թանգարան ունենալն է :

Մենք պատրաստվում ենք հրաժարվել խրտվիլակներ պատրաստելուց և անցնել ավելի ինտերակտիվ և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանային լուծումների , որը ոչ միայն կդաստիարակի երեխաներին, այլ նաև կբացառի այն ընկալումը, որ կարելի է թեկուզ ընկած կենդանուն վերափոխել, մշակել և դարձնել խրտվիլակ»,-նշեց նա:

Բնության թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Սամսոնյանի խոսքերով՝ նկարչի աշխատանքները կյանքով լեցուն են.«Չնայած իր տարիքին՝ Հրանտ Թադևոսյանի նկարներում կյանք կա։ Կան նկարիչներ , ովքեր լավ են նկարում, բայց իրենց նկարներում մթություն կա ,իսկ Հրանտի դեպքում վառ գույներ են ամենուր, այս ծաղիկները և այս պատկերները, ամեն ինչից թվում է՝ ոնց որ հայոց աշխարհը ոտքերիդ տակ լինի»,-իր կարծիքը հայտնեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում