Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն. Նարինե Աբգարյան

Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն. Նարինե Աբգարյան

Մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների ու նրանց խիստ և բարի տատիկի մասին պատմող՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը թարգմանվել է հայերեն: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հեղինակի՝ Նարինե Աբգարյանի խոսքով, գիրքը հասցեագրված է 0-ից 100 տարեկան չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, ովքեր մեծացել են առանց համացանցի ու համակարգչային խաղերի:

Ռուսալեզու երեք հատորանոց «Մանյունյա» գրքի միայն առաջին հատորն է թարգմանվել հայերեն, շնորհանդեսն այսօր էր։

«Ինձ համար վիպակը Հայաստանի մասին է, մեր մանկության, մեր ինքնության, սակայն շատերից եմ կարծիքներ լսել, նամակներ ստացել հետխորհրդային երկրների գրողներից ու ընթերցողներից, որտեղ ասում են՝ այն նաև իրենց մանկության մասին է, միասին ունեցած անցյալից է պատմում»,- լրագրողնեի հետ զրույցում կիսվեց Նարինե Աբգարյանը։

Հեղինակն ընդգծեց նաև, որ իր համար ամենամեծ հաճոյախոսությունն այն է, երբ օտարազգի ընթերցողը «Մանյունյա»-ն կարդալուց հետո գալիս է Հայաստան։

Վիպակի գլխավոր հերոսուհիներն են Նարինեն, Մանյունյան ու նրա տատիկ Տայը, ովքեր ընթերցողին են ներկայանում զավեշտալի ու հեղինակի խոսքով՝ շիլաշփոթ իրավիճակներում։

Մինչ հայերեն թարգմանվելը վիպակը թարգմանվել է այլ լեզուներով։ Հայերեն տարբերակի թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է, ով նույնպես Բերդից է։

«Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել։ Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք՝ հեղինակը կարդում է իր գիրքն ու ծիծաղում, բայց ես ծիծաղում էի, հատկապես երբ գրքի հերոսները տեղ-տեղ բարբառով էին խոսում։

Ռուսերենով, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել։ Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն»,- նշեց հեղինակը։

Նարինե Աբգարյանը նաև հավելեց, որ գրքի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Տավուշի սահմանամեձ համայնքի երեխաներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում