USD
EUR
RUB

Ոսկու կարասը

 
 

Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզ չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

- Հեյ, աչքդ լուս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար։

- Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։- Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել, սա ասում է՝ քունն է, նա, թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է.

- Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել՝ իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի։ Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում՝ ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ... Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

- Չէ՛, թագավորն ապրած կենա,- գոռում են խեղճերը,- մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի...

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն։ Մարդիկ գնում են, ետ գալի, թե՝ ճշմարիտ, ոսկի է։

- Վա՜հ,- զարմանում է թագավորը։ Ասում է.- երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր։ Վեր է կենում մին էլ գնում։

Կարասը բաց է անում, դարձյալ մեջը լիքը օձ։

Էս ի՛նչ հրաշք է, ի՛նչ միտք ունի, չեն հասկանում։

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

- Բացատրեցեք,- ասում է,- ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հոդում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

- Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ,- ասում են իմաստունները։- Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու։

- Լա՛վ,- ասում է,- դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

- Իհարկե հողատիրոջը,- ձայն է տալի վարող գյուղացին։

- Չէ, վարողինն է,- մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

- Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,- կանգնեցնում են իմաստունները,- ի՞նչ ունեք դուք՝ տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում Մեր երեխաների քայլերը մանկուց ուղղենք դեպի Աստված ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը (Ղուկ. 18: 2-5) Արծաթագործությունից մինչեւ Վանի հայկական նշխարները Հալեպի միջանդարյան միջնաբերդը մաքրվում է «Հանճարեղ ստեղծագործությունը չի կարող «ծերանալ» Սուրբ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս «Ստացել եմ առաջարկներ «դրսից», բայց գիտակցել եմ, որ իմ գնալով թատրոնը կփլուզվի»
website by Sargssyan