Լույս է տեսել Գարեգին Եղոյանի հեղինակած 10 կառուցված առանձնատան մասին պատմող մենագրությունը

Լույս է տեսել Գարեգին Եղոյանի հեղինակած 10 կառուցված առանձնատան մասին պատմող մենագրությունը

Լույս է տեսել ճարտարապետ Գարեգին Եղոյանի հեղինակած 10 կառուցված առանձնատան մասին պատմող մենագրությունը։ Ճարտարապետ Արսեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ մենագրությունն արդի ակտուալ հայկական ճարտարապետության մասին է, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհի մասնագետների համար։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Վաղուց էի ուզում գրել, բայց հիմա լավ առիթ կա։
Երկար տարիներ պատիվ եմ ունեցել աշխատել Գարեգին Եղոյանի հետ ARCHcoop ճարտարապետական արվեստանոցում։ Եթե նկարագրեմ, ինչքան բան եմ սովորել, տեսել, հասկացել, ինչ մեծ ճանապարհ ենք անցել միասին՝ շատ երկար տեքստ կստացվի։

Գարիկին համարում եմ ոչ միայն ընկեր և գործընկեր, այլև ուսուցիչ։ Ամենակարևորը, ինչ սովորեցի իրենից՝ վերաբերմունքն է մասնագիտությանը, աշխատանքին։

Ճարտարապետության մեջ չկա փոքր և մեծ խնդիր, պետք է լուրջ և մանրակրկիթ վերաբերվել թե՛ քաղաքաշինական խնդիրներին, դե ամենափոքր տարրերին, և այդ ամենը հասցնել շինհրապարակ և համբերատար իրականացնել։

Բայց ինչու եմ սա գրում, ամենակարևոր ձեռքբերումս իրականացրած նախագծերի ամբողջ ընթացքին մասնակցելն էր, և այսօր մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ վերջապես երկար աշխատատար ընթացքից հետո լույս տեսավ Գարեգին Եղոյանի հեղինակած 10 կառուցված առանձնատան մասին պատմող մենագրությունը, որը տպագրվել է գերմանական հեղինակավոր DOM հրատարակչության կողմից։ Իհարկե, կան Հայաստանի ճարտարապետության պատմության մասին բազմաթիվ արժեքավորր գրքեր, նաև արտասահմանում տպված, օրինակ ТАТЛИН հրատարակչության, կան հայկական միջնադարին, մոդերնիզմի շրջանին անդրադարձեր համապատասխան ժամանակաշրջանները լուսաբանող գրքերում։

Բայց չեմ սխալվի, եթե ասեմ, որ սա առաջին նմանատիպ մենագրությունն է արդի ակտուալ հայկական ճարտարապետության մասին, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհի մասնագետների համար, քանի որ DOM-ը ըստ պայմանավորվածության կներկայացնի այս գիրքը տարբեր միջազգային ճանաչված հարթակներում, փառատոններում, բիենալեներում։ Կարծում եմ, սա մեծ ձեռքբերում է ոչ միայն ARCHcoop-ի և Գարեգին Եղոյանի համար, այլև մեր ճարտարապետական հանրության, և բավականին բարձր նշաձող է»,- գրել է ճարտարապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում