Արմատներն ու տերևները

Արմատներն ու տերևները

Տերևները ծառի ծերին
Ասում էին զեփյուռներին.
Բա էս հովտի արդն ու զարդը
Մենք չե՞նք ու մեր խիտ սաղարթը,
Ի՞նչ կլիներ ծառի հալը,
Թե չլիներ մեր հով տալը:
Ամռան շոգին,
Ամռան տաքին
Էս ծառի մոտ ո՞վ կգա, ո՞վ,
Թե որ չտանք մենք հով ու զով:
Արշալույսին,
Վերջալույսին
Մեր մեջ սոխակն երգ չէր ասի,
Դուք, զեփյուռներ,
Համասփյուռներ,
Մեզ հետ անուշ չէիք խոսի:
Բաժին չունե՞նք այդ պարծանքից, –
Ձայներ եկան ծառի տակից:
Ո՞վ է, – ասին տերևները:
Այդպես բազմած վերևները,
Բա դուք իսկի չե՞ք ամաչում,
Որ մեզ երբեք չեք ճանաչում:
Ձեր ծնունդը`
Ձեր սնունդը`
Գարուն գալիս
Ո՞վ է տալիս:
Մենք այս ծառի արմատներն ենք,
Ձեր ու ծառի գլխի տերն ենք:
Ինչ եք, ինչ չեք,
Կանչեցեք,
Բայց այս բանը լավ իմացեք.
Տերևներն են գնացական,
Արմատները մնացական,
Արմատները որ չորանան,
Ծառ ու տերև ո՞ւր կմնան:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում