Գյուղացին ու ծառը

Գյուղացին ու ծառը

Փայտահատ Մոսին
Կացինը ուսին
Մտավ անտառ:
Հոգիս, – ասավ նրան մի ծառ, –
Դալար մնան քո կոճերը,
Կացինդ առ, էս ծառերը
Իմ բոլորից ջարդիր զատ-զատ,
Ինձ չեն թողնում բուսնեմ ազատ,
Տես` կապել են գլխիս կամար,
Արև չկա խեղճիս համար,
Էս մթան մեջ խոնավ, նեխված,
Արմատներիս տեղը նեղված,
Ինչպես կարող եմ զորանալ,
Շրջակայքի զարդը դառնալ:
Կացինն առավ փայտահատ Մոսին,
Հա էս ծառին, հա էն մյուսին,
Ծառի շուրջը լայն ու արձակ
Մի տեղ բացեց, շատ ընդարձակ:
Բայց խնդումը շատ չտևեց,
Էն լավ օրին վատն հետևեց.
Հա արևը ծառը մրկեց.
Հա կարկուտը ճյուղքին զարկեց
Ու մի օր էլ քամին սաստիկ
Կոտրեց ծառը չարաբաստիկ:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում