Պոչատ աղվեսը

Պոչատ աղվեսը

Փախավ աղվեսը,
Փախավ թակարից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում