Ով ալարի, ոչ դալարի

Ով ալարի, ոչ դալարի

Ժամանակով
Ազգով-տակով,
Տնով-տեղով,
Ամբողջ ցեղով
Կատուներն են
Մկան որսկան։
Բայց ես կատուն,
Էս մեկն էսքան
Մրսկա՞ն, սսկա՞ն,
Ճպռո՞տ, քնկո՞տ,
Ծու՞յլ, ալարկո՞տ։
Չեմ բամբասում,
Մուկ չի որսում․
Դե համբերեք,-
Գիշեր-ցերեկ
Խոնավ հողին,
Ընկած կողին,
Աչքերն ընդհուպ,
Երկուսն էլ խուփ՝
Հա մռռում է, վերջում փնչում,
Լոկ բեղերն են վար-վեր թռչում։
Եվ մկները թաթիկ-տոտիկ
Պարում երգում պոչին մոտիկ․
-Այ բրդոտիկ,
Բրդոտիկ,
Քնած հորթիկ․
Մի մեզ մտիկ,
Գանք քեզ մոտիկ,
Վերցնենք ոտիկ,
Հագցնենք վարտիք,
Կապցնենք գոտիկ,
Այ խորոտիկ,
Խորոտիկ,
Անենք քեզ ձի,
Տանետք տանձի,
Սև ջուրն անցնի,
Տանձ չբերես,
Պոչդ խանձի։
Դնչից հեռու չորս-հինգ մատ
Դրին թասով լիքը կաթ։
Քիթը կաթի հոտն առավ,
Ասա ծույլը ետ դառա՞վ,
Որ կաթիցը կում անի,
Անուշ, անուշ խում անի։
Չէ, արևը գիտենա,
Նա ուզում է՝
Թասն իր դնչին մոտենա։
Ալարկոտը չգիտի՝
Չաշխատողը չի ուտի։
Ով ալարի,
Ոչ դալարի։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում