USD
EUR
RUB

Չախչախ թագավորը

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի
ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր
պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է
լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

- Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ
պանիր ցույց տամ։- Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին
սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,- ասում է,- մի կտոր
պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ
լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է
գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

- Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի
ունի, չափենք ետ կբերենք։

- Չախչախ թագավորն ո՞վ է,- զարմացած հարցնում է թագավորը։

- Դու դեռ չես ճանաչում,- պատասխանում է աղվեսը։- Չախչախը մի շատ
հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք,
հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում,
իրիկունը ետ բերում, տալիս։

- Օֆ,— ասում է,- զոռով չափեցինք։

- Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,- մտածում է թագավորը։ Կոտը
թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ
ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ
իրիկունը ետ թերում։

- Օֆ,- ասում է,- մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի,
մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն
ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս,
թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։
Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

- Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են
տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ
համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

- Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,- ասում է վախեցած
ջաղացպանը։- Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ,
ոչ մի ձեռք շոր... հիմի ես ի՞նչ անեմ..

- Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում
թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով
գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց
կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա,
եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի
շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ
ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում,
թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված
մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում
են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը
բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝
զարմանում։

- Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,- հարցնում է
թագավորը։- Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

- Չէ, դրանից չի,- պատասխանում է աղվեսը։- Նայում է ու համեմատում իր
ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ...

Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի
իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

- Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,- հարցնում է թագավորը։

- Գալու ժամանակ ճամփին որ կողոպտվեցին, նրա համար միտք է անում։ Չեք
կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ
անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,-
պատասխանում է աղվեսը հառաչանքով։

- Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատաոփ,-
խնդրում է թագավորը։- Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք
անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով
ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

- Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,- ասում է
քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

- Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

- Շահ-Մարինը։

- Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով
իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն
է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

- Էս ո՞ւմն է։

- Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

- Էս ո՞ւմ արտերն են։

- Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

- Էս ո՞ւմն են։

- Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։- Շահ-Մար, ա -Շահ-Մա՜ր,- գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի,
միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ
սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ
թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ
մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի
եկել։

- Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,- հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ
ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

- Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով,
երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու
ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։
- Էս ո՞ւմ նախիրն է,- հարցնում են ձիավորները։

- Չախչախ թագավորինը,- պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը
բռնել է։

- Էս ո՞ւմն է,- հարցնում են ձիավորները։

- Չախչախ թագավորինը,- պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

- Էս ո՞ւմ արտերն են։

- Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

- Էս ո՞ւմն են։

- Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը
թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։

Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց
տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի
պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
Տխուր հեռու Այնտեղ, ուր հատվում են զուգահեռները Մի դատեք, որ Աստծուց չդատվեք Հայ տենորը դարձել է Տեներիֆեում մեր յուրատեսակ դեսպանը Սպենդիարյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ կարող են «վիրտուալ» նվագախումբ ղեկավարել Աղտոտ մեղքից բազում ախտեր Դու ես միակը Պույ-պույ մկնիկը Արմեն Ամիրյան․ «կինոյի մահանալու մասին լուրերը խիստ չափազանցված են» Կռնատ աղջիկը Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի» Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում դիմացինի ցավին վշտակից և հաջողություններին ուրախակից մանկատան սաներ Երաժշտական դպրոցների վարձերը հնարավոր է թանկանան Ազգային կինոկենտրոնի գեղխորհրդի անդամներին ստիպում են «ստորացուցիչ պարտավորագիր» ստորագրել. մեկնաբանում է Արսեն Բաղդասարյանը Նախ Բարձրյալի, հետո ձեր ներողամտությունն եմ հայցում Մայր Աթոռում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը Բնապահպանություն Ձյուն-ձյուն Յուրաքանչյուր վախից կարելի է ազատվել Նրա միջոցով «Զվարթնոց» վոկալ քառյակը տուրիզմ է զարգացնում Գեներալը, ներքինին և «Ազգ փրկելը» Քեզ ունեմ իրականում Քեզ ունեմ իրականում Իմ սիրտ հարատև Երևանի գիշերներում Ծիտն ու որբերը Հայ նկարիչները հանուն բանակի «կհասնեն» Նյու Յորք Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսին Ներիր Տիգրան Համասյանն ու «Հավատամքը» համատեղ համերգ կունենան Ովքեր են Աստծո որդիները. Աստվածաշունչը մեկնում է Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում Վանաձորի կերպարվեստի թանգարան. Վայր, որտեղ բոլորը խոնարհվում են «Մանկական վշտի» առջև Եվ բերեմ սերմեր Վերջին արարը Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը Հողի չորս որդիները Հայաստանցի մեներգիչը հավակնում է դառնալ «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում»-ը Հացին երգը
website by Sargssyan