Քաջ Նազարը

Քաջ Նազարը

1
Լինում է, չի լինում մի խեղճ մարդ՝ անունը Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում, Է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի՝ տեսնում է ճըքճըքան լո՜ւս-լուսնյակ գիշեր՝ ասում է.

– Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜… Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի բեր տունը լցրու…

Կինը թե.

– Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա…

Նազարը թե.

– Ա՛նզգամ կնիկ, ինչո՞ւ չես թողնում ես գնամ քարվան կտրեմ բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։
Որ շատ կռվում է՝ կնիկը տուն է մտնում դուռը փակում։

– Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։

Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան ադաչում-պաղատում է, որ կնիկը դուոը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի ու միտք է անում։ Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի, ճանճերը գալիս են սրա քիթը ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում։ Որ երեսին զարկում է՝ ճանճերը ջարդվում են առաջին թափում։

– Վա՜հ, էս ինչ էր…- մնում է զարմացած։

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց՝ չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

– Վա՜հ,- ասում է,- ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՛լ… Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել…

Էստեղից վեր է կենում ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։

– Տե՛րտեր, օրհնյա ի տեր։

– Աստված օրհնի, որդի՛ս։

– Տե՛րտեր, բա չես ասիլ, էսպես-էսպես բան։

Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Ու տալիս է իրեն։

Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։
2
Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ… Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափում…

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում, իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից՝ որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։

Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է.

– Վա՜յ,— ասում է,- ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ. կա-չկա էս ավազակներ են…

Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու՝ երկու ոտն ուներ երկուսն էլ փոխ է առնում՝ փախչում։

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար. գոռգոռալով գալիս է տեսնում մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։
3
Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը գյուղին անծանոթ գյուղն իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։

– Բարի օր ձեզ։

– Ա՛յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար։ Համեցե ք հա, համե՛ցեք, դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե ուտելիք, թե խմելիք։

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ իր երրորդին, երրորդը չորրորդին, էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա՜ չես ասիլ նորեկ ղոնախն է ինքը.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

– Քաջ Նազարն է հա՜…- բացականչում է պարծենկոտի մինը.- Ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի…

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։

– Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,- զարմանքով հարցնում են անծանոթները։

– Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։

– Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտած երկաթի կտորն է մեջքին կապել։

– Շնորհքն էլ հենց սրա մեջն է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես ջարդես հազար, թե չէ լավ թրով, ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի ճառ է ասում Նազարի առաջ, ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը. կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս։ Ժողովրդականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր…

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։

«Բարով եկար հազար բարի,
Հզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։

Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։

Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։

Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։
4
Հարսանքատնից հեռանամ է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանաչ դաշտ։ Էս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքում պառկում քնում։

Դու մի ասիլ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս՝ որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են ի՞նչ ես տեսնում, հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.

Անոաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Վա՜յ, Քաջ Նազարն է… Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում գլխավերևը քառասուն լդրանոց գուրզներն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։

Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են.
Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում, այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք, քո խոնարհ ծառաներդ՝ օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է՝ մեջը մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք

– Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար
շնորհ անես գաս մեր հացը կտրես…

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասիլ կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։
5
Էս ժամանակ վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը մի աստված, ներքևը մի Քաջ Նազար։

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում է, որ գնա վագրին սպանի։

Նշանածը բռնում է կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է դուրս գնում։ Դնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն։

Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա — հոգին դառել է կորեկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ՝ լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՜մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած, Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։

Մարդիկ մին էլ տեսնում են, վա՜հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։

– Հա՛յ-հարա՛յ, եկե՜ք հա, եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել… տվե ք հա տվե՛ք…

Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ-հրոցով, հըռհըռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։

Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է։

– Ափսո՛ս,- ասում է,- ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել… էնքան պետք է քշեի ո՜ր…

Լուրը գնում է հասնում ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ով կըլնի քեզ հավասար,
Ո՜վ քաջ Նազար։

Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար.
Ո՜վ քաջ Նազար։

Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար։

Մեզ փըրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար։

Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ. օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։

– Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նըման էր։

– Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր։

– Արեգակ նոր շաղեշադ,
Էն ո՞ւմ նըման էր։

– Արեգակ նոր շաղեշադ,
Էն իր նազ-յարն էր։

Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև։

Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր։
6
Դու մի՛ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը։ Որ իմանում է իրեն չեն տվել, ուրիշի հետ են ամուսնացրել՝ զորք է կապում պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա։

Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի առաջը կանգնում՝ հրաման են խնդրում։

Պատերազմի անունը որ լսում է՝ սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են խնդրում, թե ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՛նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է։

Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են…

Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրեն։ Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով՝ կեցցե՛ Քաջըն Նազա՜ր… մա՛հ թշնամո՜ւն…

Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած՝ խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՜ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի, դու մի՛ ասիլ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին։

Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս, փա՛խի, որ փա՛խի, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է…

Էդ օրը թշնւսմուց ինչքան կոտորվում է կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։
Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել է ապշած շշկլված։

Էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մեջ։

Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու՝ երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է.
– Ի՛նչ քաջություն, ի՛նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա…

Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում