«Հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է, քան հաստատությունը՝ այցելուի համար»․ Պիտեր Քաուրին

«Հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է, քան հաստատությունը՝ այցելուի համար»․ Պիտեր Քաուրին

Նոյեմբերի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Տնտեսության դերը թանգարանային գործի բնագավառում» թեմայով դասախոսություն, որը վարեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ և Լոս Անջելեսի «Նարեկացի» հայագիտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Պիտեր Քաուին (Peter Cowe)։

Նա նախ անդրադարձավ պատմական անցյալին և ներկայացրեց վաղ անցյալում կառուցված եկեղեցիները, դամբարանները և բերդերը՝ խոսելով նրանց այսօրվա նշանակության մասին։ «Առհասարակ գեղարվեստական ստեղծագործության մեջ տնտեսության մասնակցությունը էական է, բայց ուզում եմ ցույց տալ նրա բազմազանությունը և կարծում եմ՝ հայկական իրականության մեջ շատ կարևոր է հասկանալ՝ ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում»,- հանդիպման սկզբում նշեց բանախոսը։

Նա ներկայացրեց ոչ միայն հայկական, այլ նաև հունական և հնդկական մշակույթային արժեք ներկայացնող կենտրոնները՝ ընդգծելով նրանց պատմական նշանակությունը և մերօրյա իրականության մեջ նրանց արժևորումը։ «20-րդ դարում օրինակ լավ տնտեսություն հասկացություն չի եղել, և տնտեսական խնդիրները առաջնային պլանում չեն եղել, դա վերաբերվում է ոչ միայն թանգարաններին, այլ նաև այլ ոլորտներին ևս »,-ընդգծեց նա։

Ապա համեմատականներ անցկացրեց ամերիկյան մշակույթի և հայկականի միջև․

«Հետաքրքիր է, որ Ամերիկան չունի Մշակույթի նախարարություն, միայն մի անկյունային ստվեր կա, այն էլ ֆինանսավորվում է բարերարների կողմից։ Բացի դրանից Ամերիկայում մեծ դեր ունի այցելուն, նա նպաստում է հաստատությունների ֆինանսավորմանը, իսկ Հայաստանում այդ խնդիրը կա»,- նշեց Պ. Քաուինը։ Նրա կարծիքով մենք պետք է մոտենանք այցելուին որպես պոտենցիալ համագործակցի և նրան ներգրավենք թանգարանների ֆինանսավորման գործում․

«Առաջ թանգարանները եղել են պետական ֆինանսավորման և անձնակազմի մոտեցումը այլ է եղել՝ այցելու գա , չգա մեզ դրանից ոչինչ, քանի որ ֆինանսապես ապահովված են եղել։ Բայց ժամանակն է մեր մոտեցումը փոխել, որովհետև գտնվում ենք նոր միջավայրում։ Պետք է ճկուն ու նորարարական մոտեցումներ ցուցաբերենք»։ Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչը գտնում է, որ թանգարանների խնդիրը պիտի լինի այն, թե ինչպես սպասարկեն, որ այցելուն դառնա համագործակից և գտնեն այնպիսի ոլորտներ, որտեղ փոխադարձ շահավետության սկզբունքով կաշխատեն բոլորը։

Նա օրինակ բերեց տուրիստական գործակալությունների հետ կապերի պահպանումը և նախարարությունների համագործակցությունը։ «Պետք է ռազմավարություն մշակել, առաջինը պետք է վերաբերվի միջավայրին, այն պետք է լինի լուսավորված, տրամադրող, շատ ֆորմալ շփումը նույնպես կարող է խանգարել, ցանկալի է ավելի ջերմ ու ազատ հարաբերությունները այցելուների հետ»։ Խոսելով ֆինանսավորման աղբյուրների մասին՝ նա նշեց , որ պոտենցիալ կա վիճակը բարելավվելու, սակայն պահանջում է մանրակրկիտ աշխատանք։ «Շատ սովորական կլինի, եթե որևէ հաստատության մեջ լինի խանութ, կամ սրճարան, ու դա սրբապղծություն չէ։ Սա շատ կարևոր է, քանի որ այսօրվա այցելուն ուրիշ մտածելակերպ ունի, և նման հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է , քան հաստատությունը՝ այցելուի համար։ Շատ անգամ զբոսաշրջիկները ինչ-որ պատկեր ուսումնասիրելուց, սրահում շրջելուց հետո ցանկանում են իրենց հետ որևէ հուշ տանել։ Այս առումով սա շատ լավ և նորովի մոտեցում է», -նշեց բանախոսը, և ավելացրեց, որ այս ամենը տուրիզմի հետ համատեղ օգտագործելով՝ կարող է շատ օգտավետ լինել և բարձրացնել Հայաստանում տուրիզմի մակարդակը։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում