Ընկույզն ու որդը

Ընկույզն ու որդը

Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, թզենի:

Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր: Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ.

– Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր
ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ:

– Մի թողնի այդ թափառականին քո տունը: Ո՞վ գիտե դրա տունն ու բունը, վարքն ու
բարքը, – ասացին փոքրիկ ընկույզին նրա եղբայրները:

– Այդ ձեր բանը չի, ի՞նչ եք խոսում իզուր տեղը. ես ինձ համար, դուք՝ ձեզ համար,

– պատասխանեց ընկուզիկը և հյուր ընդունեց ծերունի որդին:

Ագահ և չարամիտ որդը ծակեց ընկույզի կեղևը, ներս մտավ, միջուկը
կերավ, դատարկեց, նստեց ու երգեց.

– Մի նոր ընկույզ ես գտա,
Ծակեցի ու ներս մտա,
Կերա, կերա կշտացա,
Դատարկ մնաց՝ վշտացա:

Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ: Ծափ էր տալիս ու
ասում.

– Դուրս գամ ծառը չափչփեմ.
Տեսնես ում կխաբխբեմ,
Ինձ որդ կասեն, ծերուկ որդ,

Լեզուս քաղցր, շողոքորթ:

Փոքրիկ, անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար, ավազակ որդին… Քամին էր միայն մեջը
վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում