Մայր հողի գանգատը

Մայր հողի գանգատը

Երազում Մայր Հողը հարցրեց Վահանին․

-Ճանաչո՞ւմ ես ինձ, Վահան, գիտե՞ս ես ով եմ։

-Ո՛չ, դու ո՞վ ես, չեմ ճանաչում,- պատասխանեց Վահանը։

-Ես Մայր հողն եմ, ամբողջ աշխարհին կերակրողը։ Ես քո տատն եմ, սիրելի՛ Վահան,-
ասավ լացակումած Մայր հողը։

-Ինչո՞ւ ես լալիս, տատի՛,- հարցրեց այս անգամ Վահանը։

-Ինչպե՞ս չլամ, սիրելիս, իմ անհոգ զավակը, էն երկրագործը, ինձ շատ է բարկացնում։ Նա
միայն վարելը գիտե և շարունակ միևնույն սերմը գցելը։ Ինձ չի կերակրում, չի
պարարտացնում։ Ասա՛ նրան, Վահան, որ ես իրանից շատ դժգոհ եմ։

-Կասեմ, տատի′, կասեմ։

-Ասա՛ նրան, որ եթե նա ինձ ամեն տար պարարտացնի ու սերմը փոխի, ես նրան մի
տարում չորս տարվա պաշար կտամ։

-Լավ, լավ, տատի՛, այդ էլ կասեմ։

-Հոգիս հանեց այս անպետք քոլը։ Մի դժվար բան չի սրանից ազատվելը։ Թող աշնանը մի
բերան վարի ինձ, գարնանը մի անգամ էլ արորով շուռ տա, ամառը թողնի արևի տակ,
պրծավ գնաց։ Վահա՛ն, այս էլ հիշեցրու նրան։

-Այդ էլ կասեմ, տատի՛, միամիտ կաց։

-Դու նրանց այսպես ասա․ Մայր հողը պատվիրում է, որ իրեն լսես, եթե ուզում ես՝ հաց
ունենաս։ Ականջս տարավ նրա անտեղի գանգատը, թե հողը ծերացել է, ուժից ընկել է, էլ
բանի պետք չէ։

Ո՛չ, հենց ի՛նքն է անպետքը։ Այս էլ ասա, Վահան։

-Կասեմ, կասեմ, տատի, միամիտ կաց։

-Գիտե՞ս, Վահան, ես տեսակ-տեսակ հյութեր ունեմ, հյութ ունեմ, հացաբույսերի համար
է, հյութ ունեմ, որ գետնախնձորի է պետք։ Հյութ էլ ունեմ, որ զանազան
բանջարեղեններին է հարկավոր։ Ամեն բույս իրեն հարկավոր հյութն է ծծում։ Իմ բոլոր
հյութերը որ ծծեն, չէ՞ որ ուժասպառ կլինեմ։ Ժամանակ էլ չեն տալիս, որ նոր հյութեր
հավաքեմ։ Կովը, որ կով է, նրան կթելուց հետո ժամանակ են տալիս, որ կաթ հավաքի։

Ձիուն էլ շարունակ չեն հեծնում, սրան էլ են հանգիստ տալիս։ Այդ էլ կասես, Վահան։

-Իմացա, տատի՛, իմացա։ Բոլորը մեկ-մեկ կասեմ,- քնի մեջ բղավեց Վահանն ու իր
ձայնից զարթնեց։

Զարթնեց ու պատմեց իր հորը։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում