Փշի գերեզմանը

Փշի գերեզմանը

Կառ փուշը գլուխը տնկած, փշերը փռած, փշերը սրած, ուռած ու փքված ինքն իրեն
ասում էր.

– Ես այս դաշտի իշխանն եմ, ո՞վ կհամարձակվի ինձ ձեռք տալ: Ես քանի-քանի քիթ եմ
ծակել քանի կովի, եզան ու գոմեշի լեզու կծել: Քանիսի ձեռքից, քանիսի ոտքից արյուն եմ
հանել:

Ճիշտ որ, եթե ես իմ քաջությունները համրելու լինեմ, քաջերի քաջն եմ, խաների խանն
եմ: Իսկ ինչ կանեմ սրանից հետո, էն էլ ես գիտեմ: Ես վճռել եմ ով մոտիցս անցնի՝
Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,
Լեզվի միջին փուշս թաղեմ,
Թո՛ղ թրթռան, թո՛ղ մրմռան,
Ես ծիծաղեմ, ես հռհռամ:

Երբ կովերն անցնում էին կառ փշի մոտով, խեթ-խեթ նայում էին նրան ու միմյանց
զգուշացնում.

– Չմոտենաս էս հպարտին, կծել գիտե, կծան է, չես կարող դու բերանդ առնել, ոչ
տրորել, ոչ ծամել…

Ոչխարներն ասում էին.

– Բուրդներս կքաշի, թող կորչի էս կառը, գլուխը մեծ քարը:

Խոզն ասում էր.

– Արմատդ կքանդեի, քեզ կհանեի, բայց չարժե, որ դունչս կեղտոտեմ: Գնա կորի, ո՞վ
պետք է փորի:

Բայց կառ փուշը գլուխը տնկած` իր երգն էր երգում.
Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,
Լեզվի միջին փուշս թաղեմ,
Թող թրթռան, թող մրմռան,
Ես ծիծաղեմ, ես հռհռամ:

Ու մեկ էլ եկավ էշը, վիզը երկարացրեց, ըռխեց փշի ցից գլուխը, լամեց-լամլմեց, ծամեց-
ծամծմեց, կուլ տվեց ու ասավ.

-Փշի գերեզմանը էշի փորն է:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում