Հոգևոր անդաստան. Արարատ քահանա Օրդոյան

Հոգևոր անդաստան. Արարատ քահանա Օրդոյան

                                                                  «Սիրեցե՛ք միմյանց «ինչպես ես ձեզ սիրեցի…»
                                                                                                            Հովհաննես ԺԳ 34
                                                                                                               

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս բարձրագույն պատվիրանը մինչև այսօր էլ հնչում է որպես կոչ նոր կյանքի քանզի Տիրոջից մեզ պարգևված սիրո մեջ է բովանդակվում քրիստոնեական հավատքը:

Անբացատրելի և անգնահատելի է Աստծո սիրո դրսևորումը: Մենք Տիրոջը նմանվում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք սիրել: Մեր կյանքի ամբողջ ձգտումը  նպատակը պետք է դարձնենք այդ վեհ զգացողությանը հասնելը:Մեր ժամանակներում ցավոք մարդկության մեջ այս գաղափարը շատ է շահարկվում:

Այն կորցրել է իր իրական արժեքն ու բովանդակությունը: Մարդիկ գիտակցաբար թե անգիտակցաբար հեռանում են ճշմարիտ՝ աստվածային սիրուց: Մարդկության պատմության մեջ եղել են գաղափարներ, որոնք համապատասխանել են քրիստոնեական հավատքի ճշմարտություններին, սակայն կյանք չեն ունեցել այն պատճառով, որ դրանց մեջ ներկա չէր Սերը՝ Հիսուս Քրիստոս:

Ինչքան շուտ գիտակցի մարդկությունը այս պարզ ճշմարտությունը, այնքան կյանքը կնորոգվի և իր իրական դրսևորումը կստանա: Պատահական չէ, որ Քրիստոս Իր աշակերտներին ասաց․ «Դո՛ւք եք երկրի աղը» (Մատթեոս Ե 13):

«Սիրեցե՛ք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի…»(Հովհաննես ԺԳ 34) : Սիրո բացակայությունը իր վառ արտահայտությունն է գտնում մարդկային զանազան հարաբերությունների մեջ․ միմյանց չզիջելու, ներողամտության բացակայության, դիմացինին լսելու անկարողության։ Եթե մարդիկ միմյանց սիրեին, չէին լինի պատերազմներ, սպանություններ, գողություններ, անհամաձայնություններ: Կյանքը կընթանար խաղաղ ու հանգիստ հունով:

Մարդը, եթե ցանկանում է իրապես վայելել կյանքը, պետք է վերադառնա իր արմատներին, իր նախաստեղծ վիճակին, երբ դրախտում էր և որտեղ էլ խաբվեց և զրկվեց Աստծո ներկայությունից: Մեր մեջ առկա է դրախտը կորցնելու այդ հիշողությունը: Պարզապես պետք է այն արթնացնել և ապրել այդ տեսիլքով ու երազանքով:

Միանշանակ կարելի է ասել․ այն մարդն է իսկապես ապրում իր կյանքը, ով ամեն օր փորձում է իրականացանել դրախտ վերադառնալու անսահման ձգտումը: Երբ Աստված տեսնում է Իրեն հասնելու մեր այդ տենչանքը, օգնում է և ժամանակի ընթացքում մարդուն արժանացնում Իր անսահման Սերը վայելելու բերկրանքին:

Այդ դեպքում է միայն, որ Նա սկսում է մեզ ավելի՛ շատ սիրել: Չկա ավելի երանելի վիճակ, քան այն զգացողությունը, որ Աստված սիրում է քեզ: Ահա սա՛ է մարդկանց կողմից այդքա՜ն փնտրված երջանկությունը:

Իսկապես երջանիկ է այն մարդը, ով գտել է Աստծուն: Մարդիկ այսօր ուրիշ տեղերում են փորձում գտնել երջանկությունը և այդպես էլ չեն գտնում, որովհետև երջանկությունը Քրիստոսի մեջ է: Մեկը երջանկությունը փնտրում է ընկերական շրջապատում, մյուսը՝ նյութական ձեռքբերումների, նվաճումների և այլ աշխարհային՝ թվացյալ ճշմարտություն հանդիսացող իրողություններում:

Մենք պետք է արթնանանք քնից, գիտակցենք, որ Աստված մեզ ստեղծել է ապրեցնելու համար: Ահա այդ է պատճառը, որ Իր Միածին Որդուն զոհաբերեց: Աստծո զոհաբերության այս անգնահատելի արժեքի մասին խորապես մտածելը, խորապես գիտակցելը մարդուն ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ սեփական անձին, մեղավորության զգացողության ապրումները վերարթնացնել, զղջալ, ապաշխարել և արժանանալ փրկությանը:

Եկեք Եկեղեցու սուրբ հայրերի խորհուրդներով մեր կյանքի ամեն մի օրը դարձնենք նոր սկիզբ և նորոգենք մեր հին մարդուն: Աղոթում ենք, որ Աստծո այդ անսահման սիրո դիմաց երախտապարտության մեծ զգացումով մենք էլ փորձենք Նրա Սիրուն սիրով պատասխանել՝ մեզ հեռու պահելով մեղքերից, որով էլ կարժանանանք Տիրոջ որդիները կոչվելու բարձրագույն կոչմանը: Ամեն:

Արարատ քահանա ՕՐԴՈՅԱՆ
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ
Շողակն Արարատյան

                 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում